Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում են, թե վերջին շրջանում Իրանի քաղաքացիների և իրանական լրատվամիջոցների կողմից նկատվում է Ադրբեջանի Հանրապետության, ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին անհիմն կոշտ մեղադրանքների, վիրավորական արտահայտությունների և անօրինական կոչերի աճ։ Տարբեր մակարդակների կրոնական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես են գալիս Ադրբեջանի ինքնիշխանության ու անվտանգության, երկրում պետության և կրոնի միջև ձևավորված հարաբերությունների, պետական կառավարման համակարգի և այլ ոլորտների դեմ, քարոզում կրոնական արմատականություն, փորձում հրահրել կրոնական ատելություն և թշնամանք, ինչպես նաև կոչեր անում իշխանությունը բռնությամբ փոխելու։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ Ադրբեջանի դեմ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կոչերով հանդես եկած և թշնամանք քարոզած Իրանի 14 քաղաքացիներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ, Ադրբեջանի տարածքում։ Նրանց արգելվել է մուտք գործել Ադրբեջան։ Այդ անձինք են՝ 1. Էհսան Մովահեդյան – քաղաքական վերլուծաբան, փորձագետ և դասախոս Թեհրանի Ալամեհ Թաբաթաբայի համալսարանում։ 2. Ահմեդ Ֆարշբաֆիյան – Թավրիզի համալսարանի Կովկասի և Անատոլիայի ուսումնասիրությունների կենտրոնի նախկին տնօրեն։ 3. Քամրան Ղազենֆարի – Իրանի Իսլամական խորհրդի Մեջլիսի պատգամավոր։ 4. Ալիռեզա Բեյգի – նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան։ 5. Աբուլֆազլ Զոհրավանդ –պատգամավոր 6. Աբբաս Մողթադայի Խորասղանի –պատգամավոր 7. Ալիռեզա Սալիմի — պատգամավոր 8. Հոսեյն Շարիաթմադարի — Keyhan թերթի գլխավոր խմբագիր։ 9. Այաթոլլահ Մոհսեն Արակի — Իրանի Գերագույն առաջնորդին ընտրող փորձագետների խորհրդի անդամ և որոշումների նպատակահարմարությունը հաստատող խորհրդի անդամ։ 10. Այաթոլլահ Մոհամմադ Ջավադ Ֆազել Լենքարանի – Ղոմի հոգևոր սեմինարիայի հեղինակների և ուսուցիչների միության անդամ, Ղոմի «Աիմմեի-Աթհար» իսլամական իրավունքի կենտրոնի տնօրեն։ 11. Աբդոլհոսեյն Խոսրովպանահ – Իրանի մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի քարտուղար։ 12. Հոջաթ-օլ-Իսլամ Ղոլամրեզա Քավաշի – Թավրիզի ուրբաթ օրվա իմամի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Իրանի գերագույն առաջնորդի Արևելյան Ադրբեջան նահանգում ներկայացուցչության գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար։ 13. Դարիուշ Սաֆարնեժադ – պրոֆեսոր, քաղաքական փորձագետ։ 14. Ահմադռեզա Մուսավի – դերասան և հեռուստահաղորդավար։ Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի քաղաքացիների էր ներառել անցանկալի անձանց ցուցակում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի