«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը Բաքվի հետ հարաբերություններում առկա լարվածության ֆոնին», — գրում է թուրքական T24 պարբերականի մեկնաբան Բարչին Յինանչը՝ իր հոդվածում։ Վերջինիս խոսքով՝ Անկարայի և Բաքվի միջև լարվածության սրման դինամիկան հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ 2009 թվական, երբ Թուրքիան Բաքվի ճնշման ներքո տապալեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հոդվածում նշվում է նաև, որ 2009 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջող տապալումից հետո Ադրբեջանը սկսեց մեծացնել իր ազդեցությունը Թուրքիայում և դարձավ երկրում խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մեկը։ Բացի այդ, T24-ը գրում է, որ ներկայումս Ադրբեջանը Թուրքիայում հզոր լոբբի ունի։ Յինանչը գրում է, որ Թուրքիան պետք է գիտակցի՝ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանն այլևս Թուրքիայի «կրտսեր եղբայրը» չէ, այլ ինքնուրույն դերակատար է, որն իրականացնում է անկախ արտաքին քաղաքականություն։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ներկայիս լարվածության ֆոնին Անկարան մտադիր չէ բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ դա ավելի կսրի հարաբերությունները Բաքվի հետ, կստիպի Ադրբեջանին կոշտացնել իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և հետաձգել տարածաշրջանային կարևոր նախագծերը։ Յինանչը գրում է, որ որքան ավելի շատ է նահանջում Անկարան, այնքան ավելի է Ալիևը սրում իրավիճակը։ «Արտաքին քաղաքականության վերանայման գործընթացի շրջանակներում Ադրբեջանը թարմացնում է սպառնալիքների իր ընկալումը և միջազգային ասպարեզում նոր դեր ստանձնում։ Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ անկախությունից հետո որդեգրած միակողմանի հավասարակշռման քաղաքականությունից անցնում է բազմաչափ մոտեցման, որն ընդգծում է ռազմավարական գործընկերությունը, հաշվի է առնում նրա ինքնության բազմազանությունը, առաջնահերթություն է տալիս ազգային շահերին և հիմնված է սեփական ուժերի նկատմամբ վստահության վրա», — ասվում է հոդվածում։