Ռուսաստանը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ-ը հորդորում է՝ Ռուսաստանից կանխիկ գումարի արտահանում պլանավորող քաղաքացիներին և տնտեսվարողներին նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին ու դրանցով նախատեսված բացառություններին։ Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան կանխիկ ռուբլու արտահանմանը ,- ասված է հաղորագրությունում։ ՊԵԿ հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ ֆիզիկական անձանց արգելվում է արտահանել 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արգելվում է կանխիկ ռուբլի արտահանել՝ անկախ գումարի չափից, բացառությամբ սահմանված հատուկ դեպքերի։