Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդես է եկել Գերմանիայի և Եվրոպայի թվային ինքնիշխանության ամրապնդման օգտին։ Նա ընդգծել է, որ արհեստական բանականության զարգացումը պետք է խստորեն հիմնված լինի մարդկային արժեքների վրա, իսկ մարդն ու նրա արժանապատվությունը պետք է մնան պետության ուշադրության կենտրոնում։ Մերցն ընդունել է, որ տեխնոլոգիական զարգացման բարձր տեմպերը քաղաքական գործիչների առջև լուրջ խնդիրներ են դնում։ Միաժամանակ նա մերժել է պետական կառույցների չափազանց դանդաղկոտության վերաբերյալ քննադատությունը։ «Մեր ինստիտուտների աշխատանքի տեմպը, ի թիվս այլ բաների, մարդկային կյանքի տեմպն է», — հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ կառավարության թվային գագաթնաժողովում։ Մերցը նաև հայտարարել է Գերմանիայի և ամբողջ Եվրոպայի թվային ինքնիշխանության ամրապնդման ռազմավարություն մշակելու մասին։ Կարճաժամկետ հեռանկարում Բեռլինը կաջակցի արդյունաբերական կիրառության համար նախատեսված արհեստական բանականության մոդելների մշակմանը՝ բիզնեսի մրցունակությունն ապահովելու և պաշտպանելու նպատակով։ Զուգահեռաբար կխթանվեն ապագայի ԱԲ մոդելների, այդ թվում՝ ֆիզիկական արհեստական բանականության ոլորտի հետազոտությունները։ Այս տեխնոլոգիաների դեպքում ալգորիթմները ֆիզիկական սարքերի և ռոբոտաշինության միջոցով փոխազդում են իրական աշխարհի հետ։ Նպատակն է նվազեցնել տեխնոլոգիական կախվածությունը՝ միաժամանակ խուսափելով ինքնամեկուսացումից։ Մերցը կարևորել է նաև միջազգային համագործակցությունը, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Կանադայի հետ՝ փորձի փոխանակման և մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման համար։ Նա ընդգծել է նաև Գերմանիայի տնտեսական ներուժը՝ որպես բիզնեսի համար գրավիչ երկիր, հատկապես մեքենաշինության և էլեկտրոնային արդյունաբերության ոլորտներում։ Արհեստական բանականության հարցերով Գերմանիայի կառավարության աշխատանքային խումբը ներկայացրել է իր առաջին զեկույցը, որը պետք է հիմք դառնա «ԱԲ ազգ՝ 2030» հայեցակարգի համար։ Ելույթի ավարտին կանցլերն անդրադարձել է նաև տեխնոլոգիաների կիրառման էթիկական կողմին։ Հղում անելով Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Մերցը նախազգուշացրել է տեխնոլոգիաներին կուրորեն և անքննադատորեն վստահելու, ինչպես նաև արհեստական բանականության համակարգերին չափազանց մեծ պատասխանատվություն փոխանցելու վտանգների մասին։ Նրա խոսքով՝ թվային վերափոխման կանոնների ձևավորումն ու ազատության տեխնոլոգիական հիմքերի պաշտպանությունը պետության, բիզնեսի և հասարակության ընդհանուր խնդիրն են։