«Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվում են իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ Ադրբեջանի նախագահի անունից»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհրդի հայտարարության մեջ։ Նշվում է, թե Ադրբեջանի ղեկավարին այնպիսի հայտարարությունների վերագրումը, որոնք նա չի արել, և դրանց ներկայացումը որպես նրա պաշտոնական դիրքորոշում՝ հանրությանը մոլորեցնելուն ուղղված ապատեղեկատվության կոպիտ օրինակ է։ «Կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանի նախագահի ելույթների, հայտարարությունների և գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության սկզբնաղբյուրներն են պետության ղեկավարի պաշտոնական կայքը և նրա սոցիալական ցանցերի հաշիվները։ Այս թեմայով տեղեկատվություն պատրաստելիս և տարածելիս անհրաժեշտ է հղում կատարել հենց նշված աղբյուրներին։ Այլ հարթակներում հրապարակված հայտարարություններն ու կարծիքները չպետք է վերագրվեն պետության ղեկավարին՝ առանց պաշտոնական աղբյուրներից հաստատման։ Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը կոչ է անում լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին պատասխանատու մոտեցում ցուցաբերել տեղեկատվության հավաստիությունը ստուգելիս, տարածելուց առաջ հրապարակվող տեղեկությունները համադրել պաշտոնական աղբյուրների հետ և թույլ չտալ ապատեղեկատվության տարածում»,- ասվում է հայտարարության մեջ։ Մինչ այս էլ, Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդն Իրանին և Թուրքիային մեղադրել էր Բաքվի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ։ Հավելենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում լարվածություն է առաջացել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչում են քննադատական հայտարարություններ, որոնք էլ պաշտոնական Բաքվի դժգոհությունն են առաջացրել։ Երկու երկրների լարված հարաբերությունների պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիրևը չի մասնակցել Անկարայում հոկտեմբերի 30-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Ադրբեջանը հանդիպմանը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի «Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ