Հոկտեմբերի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Էդիտա Բ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10։35-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցի 39 հասցեից Yandex տաքսի ծառայության BYD մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դավիթ Հ․-ի հետ մեկնել են դեպի Կոտայքի մարզի Քասախ գյուղ։ Ճանապարհին՝ Բագրատունյաց 3/5 հասցեում գործող Երևան Սիթի սուպերմարկետի մոտ, ավտոմեքենան կայանել են, որտեղ պայուսակում առկա 5 հազար ԱՄՆ դոլարից 400 դոլարը վերցնելով՝ արտարժույթի փոխանակում կատարելու նպատակով իջել է մեքենայից՝ մնացած գումարը թողնելով պայուսակի մեջ՝ ավտոմեքենայի սրահում։ Այնուհետև նրանք ուղևորվել են Քասախ գյուղ, սակայն անհրաժեշտ հասցեն չգտնելուց հետո վերադարձել են Երևան՝ Շիրազի փողոց, որտեղ վարորդի կողմից կրկին հետ վերադառնալը մերժելուց հետո կինը իջել է ավտոմեքենայից․ գրում է Shamshyan.com -ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ տուն հասնելուց հետո նկատել է, որ տաքսու վարորդը, օգտվելով Բագրատունյաց 3/5 հասցեում իր՝ ավտոմեքենայից բացակայելու հանգամանքից, պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլարը՝ իրեն պատճառելով գույքային վնաս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դավիթ Հ․-ն Երևանի բնակիչ 45-ամյա Դավիթ Հ․-ն է։ Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։