Թաքեր Կարլսոնը չի բացառել, որ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին միջուկային հարված կհասցնի Իրանին․ ամերիկացի հայտնի լրագրողը նման պնդում է արել X սոցիալական ցանցում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին ,-գրել է Կարլսոնը։ Որպես հավանական թիրախ՝ նա նշել է Փիքաքս լեռը (գտնվում է Իրանում-Խմբ․), որտեղ, ըստ իսրայելական հետախուզության տվյալների, Իրանը կարող էր վերսկսել ուրանի հարստացումը։ Կարլսոնի խոսքով՝ օբյեկտը պաշտպանված է գրեթե 100 մետր հաստությամբ շերտով, ուստի միակ տարբերակը միջուկային հարվածն է։ Լրագրողի պնդմամբ՝ Նեթանյահուն համառորեն ձգտում է նման հարվածի՝ Իսրայելում ընտրություններից հետո ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով։ Կարլսոնի տեղեկություններով՝ Թրամփը դեռ որոշում չի կայացրել և խորհրդակցություններ է անցկացնում իր խորհրդականների, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Նրանք, լրագրողի խոսքով, հակված են Իրանի հետ համաձայնության հասնելու տարբերակին։