Բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի կողմից վերջերս հրապարակված Կենդանի մոլորակ զեկույցում (Living Planet Report) արձանագրվել է, որ վայրի բնության մեջ պոպուլյացիաների ամենամեծ կորուստները գրանցվել են քաղցրահամ ջրերում: Եթե ընդհանուր կորուստը եղել է 73 %, ապա միայն քաղցրահամ ջրերում դիտարկված պոպուլյացիաների կորուստը հասել է 85 %-ի: WWF-ի քաղցրահամ ջրերի քաղաքականության պատասխանատու Քրիստին Քոլվինը (Christine Colvin) Հետքի հետ զրույցում ընդգծում է, որ այսօր աշխարհում քաղցրահամ ջրերի մասով հսկայական մարտահրավերներ կան: Դրանց լուծման ուղիներ գտնելու միջոց է Քաղցրահամ ջրերի մարտահրավեր (Freshwater Challenge) նախաձեռնությունը, որը ձեւավորվել է 2023 թ. ՄԱԿ-ի ջրային համաժողովի ընթացքում: Նախաձեռնող երկրներն էին Մեքսիկան, Կոլումբիան, Էկվադորը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը եւ Զամբիան: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է օրերս՝ հոկտեմբերի 19-30-ը Երեւանում անցկացված COP17 համաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովն (COP17) այս տարի անցկացվել է Հայաստանում: Այս պահին Քաղցրահամ ջրերի մարտահրավեր նախաձեռնության անդամ է 55 երկիր եւ ԵՄ-ն: 2022 թ. կայացած COP15-ի ժամանակ ընդունվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը (Kunming-Montreal Global Biodiversity Framework), որով սահմանվել է համաշխարհային մակարդակով կենսաբազմազանության ոլորտին վերաբերող 4 նպատակ եւ դրանց հասնելու 23 թիրախ, որոնք պետք է իրականացվեն մինչեւ 2030 թ․ (COP15-ը պետք է կայանար չինական Կունմին քաղաքում 2020 թ., սակայն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով դրա անցկացումը չեղարկվել է, փոխարենը այն կայացել է 2022-ին կանադական Մոնրեալում, սակայն համաժողովին ընդունված փաստաթղթին տրվել է նաեւ չինական քաղաքի անունը)։ 23 թիրախներից 2-րդը սահմանում է, որ աշխարհի դեգրադացված ցամաքային, ներքին ջրերի, առափնյա եւ ծովային էկոհամակարգերի առնվազն 30 %-ը մինչեւ 2030 թ․ պետք է վերականգնվի: Իսկ 3-րդ թիրախը (հայտնի է իբրեւ 30X30), որը փորձագետները համարում են ամենահավակնոտներից մեկը, եթե ոչ ամենահավակնոտը, նշանակում է, որ մինչեւ 2030 թ․ աշխարհի ցամաքային, ներքին ջրերի, առափնյա եւ ծովային տարածքների առնվազն 30 %-ը պետք է պահպանել ու արդյունավետ կառավարել։ Եվ ահա 2023-ին սկիզբ առած Քաղցրահամ ջրերի մարտահրավեր նախաձեռնությունը փաստացի ծառայում է իբրեւ գործիք՝ ներքին ջրերի մասով վերոնշյալ 2-րդ ու 3-րդ թիրախներին հասնելու համար: Մասնավորապես՝ նախաձեռնությունը նպատակ ունի մինչեւ 2030 թ. ամբողջ աշխարհում վերականգնել 300.000 կմ գետեր եւ 350 մլն հեկտար ջրաճահճային տարածքներ (wetlands): Նախաձեռնությունն ընդունում է, որ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակում ներքին ջրերը նշված են 2-րդ եւ 3-րդ թիրախներում՝ վերականգնման եւ պահպանության համար,- ասում է WWF-ի քաղցրահամ ջրերի քաղաքականության պատասխանատու Քրիստին Քոլվինը,- երկրները կարող են զեկույցներ ներկայացնել ներքին ջրերի, ինչպես նաեւ ծովային ու ցամաքային բիոմների վերաբերյալ: Բայց COP17-ի գլոբալ զեկույցում տեսանք, որ քաղցրահամ ջրերի էկոհամակարգերը մյուսների համեմատ ամենաքիչ ներկայացվածն էին: Այնպես որ, սա դեռեւս մի բան է, որին հատուկ ուշադրություն չի դարձվում, եւ սա է պատճառը, թե ինչու ցանկացանք ձեւավորել Քաղցրահամ ջրերի մարտահրավեր նախաձեռնությունը: Քրիստին Քոլվին WWF-ի ներկայացուցիչը նշում է, որ քաղցրահամ ջրերի վրա ազդեցությունը բավական մեծ է. Քաղցրահամ ջրերի վրա ազդում են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ջրառը, գյուղատնտեսական նպատակներով ջրաճահճային տարածքների չորացումը, աղտոտումը, ինչպես նաեւ կլիմայական ճգնաժամը: Այնպես որ, քաղցրահամ ջրերը շատ խոցելի են եւ զգայուն փոփոխությունների նկատմամբ: Մեծ դեր ունի նաեւ աշխարհում բնակչության թվի աճը, ինչի հետեւանքով ավելանում է քաղցրահամ ջրի պահանջարկը: Սա էլ իր հերթին ավելացնում է ճնշումը քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի վրա: Դրանց վրա ազդում է նաեւ մեծ ամբարտակների ու հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Մյուս կողմից՝ Քրիստին Քոլվինը շեշտում է, որ քաղցրահամ ջրերի վերականգնումը բավականին բարդ ու երկարաժամկետ գործընթաց է: Հետքի զրուցակիցը նկատում է, որ WWF-ն այն կողմերից մեկն է, որոնք աջակցում են Քաղցրահամ ջրերի մարտահրավեր նախաձեռնությանը: WWF-ը պարբերաբար հանդիպում է նախաձեռնության անդամ դարձած երկրների հետ: Քննարկումները հիմնականում ծավալվում են քաղցրահամ ջրերի վերականգնման ու պահպանության շուրջ, անհրաժեշտ է նաեւ հասկանալ երկրների կարիքները, օրինակ՝ ինչ խոչընդոտների են բախվում վերականգնման ու պահպանության հարցերում: Խոսելով Հայաստանի մասին, որը նոր է միացել նախաձեռնությանը, Ք. Քոլվինը պատմում է, որ COP17-ի ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչն անդրադարձել է Սեւանա լճին, որը Հայաստանի համար շատ կարեւոր բնական ջրային ռեսուրս է, բայց տուժում է աղտոտումից: Կարելի է պահպանել Սեւանա լիճը, կարելի է ձկնորսության հետ կապված միջոցներ ձեռնարկել այնտեղ, բայց միեւնույն ժամանակ պետք է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսության մեջ եւ ջրհավաք ավազանում ու գետերի վերին հոսանքում կեղտաջրերի մաքրման ուղղությամբ,- նշում է Հետքի զրուցակիցը,- այսինքն՝ առաջին քայլերից մեկն այն է, որ փորձում ենք հասկանալ, թե ինչպես մշակել ազգային ռազմավարություններ եւ ծրագրեր, որոնք կբերեն քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի զարգացմանը: Ընդ որում՝ բավարար չէ, որ դրանք պարզապես պահպանվեն. ջրհավաք ավազանում իրականացված միջոցառումները պետք է թույլ տան, որ էկոհամակարգը վերականգնվի եւ վերադառնա ավելի առողջ մակարդակի: Դա հնարավորություն կտա հաղթահարել կլիմայական ճգնաժամը, իսկ մարդկանց թույլ կտա ապահովված լինել ջրով փոփոխվող կլիմայի պայմաններում: Քրիստին Քոլվինն ասում է, որ ներկայում Հայաստանը որպես իր նախագահության առաջնահերթություն առանձնացրել է Սեւանա լիճը, ինչպես նաեւ լեռների ու քաղցրահրամ ջրերի էկոհամակարգերի միջեւ կապը: Բազմաթիվ այլ երկրներ նույնպես ուշադրություն են դարձնում լեռներին եւ քաղցրահրամ ջրերի ռեսուրսներին, եւ հուսով ենք, որ հնարավոր կլինի փոխանակվել փորձով,- նշում է նա ու հավելում,- ես երկար տարիներ աշխատել եմ Հարավային Աֆրիկայում՝ կենտրոնանալով այն լեռնային տարածքների վրա, որոնք ջուր են մատակարարում խոշոր գետային համակարգերին։ Ջրային ռեսուրսներով զբաղվող գերատեսչությունն այդ տարածքները սահմանել է իբրեւ ջրային աղբյուրների գոտիներ։ Իսկ շրջակա միջավայրի պահպանության պատասխանատու գերատեսչությունը պահպանվող տարածքների ընդլայնման իր ծրագրում առաջնահերթություն է տալիս այդ գոտիներին։ Այս գոտիների պահպանությունը ոչ միայն կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը, այլեւ կապահովի ջրային անվտանգությունը ինչպես գետի ստորին հոսանքում, այնպես էլ գետի երկայնքով եւ ակունքի մոտ գտնվող համայնքների համար: WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լեւոն Աղասյանը, Հետքի հետ զրույցում անդրադառնալով Քաղցրահամ ջրերի մարտահրավեր նախաձեռնությանը մեր երկրի միանալուն, ասում է, որ դրա շնորհիվ Հայաստանը կարող է ստանալ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միջազգային տարբեր ծրագրային աջակցություններ: Լեւոն Աղասյան Աղասյանի խոսքով՝ քաղցրահամ ջրերը կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի համար, եւ անհրաժեշտ է խնամքով վերաբերվել դրանց պաշարներին: Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի նման լեռնային երկրի համար գուցե այս պահին պաշարների խնդիր չկա, բայց քաղցրահամ ջրերն անխնա օգտագործելու դեպքում մոտ ապագայում հնարավոր է ունենանք նման խնդիր: WWF-ի քաղցրահամ ջրերի քաղաքականության պատասխանատու Քրիստին Քոլվինն ընդգծում է, որ գյուղատնտեսությունը քաղցրահամ ջրային ռեսուրսների ամենամեծ սպառողն է: Այս ոլորտին բաժին է հասնում օգտագործվող քաղցրահամ ջրերի ավելի քան 70 %-ը: Գյուղատնտեսությունը նաեւ հանգեցնում է հողերի ձեւափոխմանը: Մենք շարունակում ենք կորցնել ջրաճահճային տարածքներն ավելի արագ, քան անտառները,- ասում է Քոլվինը: Հետքի զրուցակիցը նշում է, որ քաղցրահամ ջրերի կառավարման առումով պետք է գտնել խելացի լուծումներ: Մասնավորապես՝ ապահովել ջրի արդյունավետ օգտագործում՝ կանխելով արտահոսքի ձեւով դրա մեծ կորուստները, խուսափել ջրամբարներում հսկայական մակերեսներով կուտակումներից, քանի որ մեծ մակերեսներից ջուրը մեծ ծավալով էլ գոլորշանում է: Նկատելով, որ քաղցրահամ ջրով ոռոգվող գյուղատնտեսական հողերը միաժամանակ ծառայում են իբրեւ ջրհավաք ավազան գետերի ու ստորերկրյա ջրերի համար՝ Քրիստին Քոլվինն ասում է. Եթե այս հողերի վրա կարողանաք կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք կնպաստեն ջրի ավելի լավ ներծծմանը, կարիք չեք ունենա այդքան շատ ջրամբարներ կառուցել: Անհրաժեշտ է նաեւ իրականացնել ստորերկրյա ջրային պաշարների մանրակրկիտ մոնիտորինգ՝ հետեւել, թե ինչպես է ջրային հորիզոնն իջնում երաշտի ժամանակ եւ բարձրանում առատ տեղումների սեզոնին: Պետք է ավելի լավ հասկանալ, թե ինչպես են աշխատում բնական համակարգերը եւ ընտրել համապատասխան գյուղատնտեսական կուլտուրաներ: Օրինակ՝ չարժի խոնավասեր կուլտուրաներ աճեցնել այն վայրերում, որտեղ բավարար տեղումներ չեն լինում: Այսինքն՝ գյուղատնտեսության մեջ պետք է անցում կատարել համապատասխան կուլտուրաների մշակման եւ ջրային ռեսուրսների ավելի խելացի կառավարման: Բացի դրանից՝ շատ մեծ նշանակություն ունի շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, ինչի համար պետք է նվազեցնել թունաթիմիկատների եւ պարարտանյութերի օգտագործումը՝ փորձելով կիրառել ավելի բնական մեթոդներ: WWF-ի ներկայացուցիչը նշում է, որ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ երկրներն ավելի ու ավելի շատ են մտահոգվում ջրային անվտանգությամբ: Եվ այս ֆոնին իրենց կոչն է՝ մի կառուցեք մեկ այլ ամբարտակ կամ խորքային հորերի ցանց, եթե հոգ չեք տանելու էկոհամակարգի մասին, քանի որ հենց վերջինս է ապահովում ջրի մատակարարումը: Եթե, օրինակ, ներդրում եք կատարում միայն ամբարտակի կառուցման մեջ՝ առանց հոգ տանելու ջրհավաք ավազանի մասին, ապա, ինչպես փորձն է ցույց տալիս, ընդամենը 5 տարվա ընթացքում ամբարտակը լցվելու է նստվածքներով եւ դառնա անպիտան։ Սա նշանակում է հարյուր միլիոնավոր դոլարների վատնում. ստեղծվում են ենթակառուցվածքներ, ինչին զուգահեռ չեն կատարվում էկոհամակարգի պահպանմանն ուղղված ներդրումներ,- ասում է Ք. Քոլվինը՝ հավելելով, որ WWF-ն այս առումով աշխատանք է տանում Քաղցրահամ ջրերի մարտահրավեր նախաձեռնության անդամ կառավարությունների հետ։ WWF-ի ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանում իրավիճակը, ըստ էության, այլ է շնորհիվ Սեւանա լճի առկայության. Դուք ունեք մի լիճ, որը երկրի տարածքի համեմատ շատ մեծ է․ այսինքն՝ ունեք քաղցրահամ ջրի հսկայական պաշար, որը տեսանելի է եւ բաց։ Բայց աշխարհի երկրների մեծ մասը, հատկապես՝ չորային շրջաններում գտնվողները, մեծապես կախված են ստորերկրյա ջրային ռեսուրսներից։ Այնտեղ, որտեղ ես եմ ապրում՝ Անգլիայի հարավում, մենք ունենք մոտ 2 կմ հաստությամբ պինդ կավճային շերտ, որը հիանալի ջրատար է, քանի որ կավիճը լուծվում է՝ առաջացնելով մեծ դատարկություններ, այսինքն՝ ջուր կուտակելու համար ստորգետնյա հատվածում հսկայական պահեստարան կա, բայց մակերեւույթի վրա կառուցապատումը, շինարարությունը եւ գյուղատնտեսական հողերի կառավարման ձեւը (հողի խտացմամբ, ճանապարհներ կառուցելով, ասֆալտապատմամբ) հանգեցնում են նրան, որ ստորգետնյա պահեստարանը դադարում է լցվել ջրով: Ընդ որում՝ ջրամատակարար ընկերություններն ամբողջովին կախված են հենց այդ ջրատար շերտից: Այսինքն՝ մենք այժմ ստիպված ենք միջոցառումների համալիր սկսել, որպեսզի ակտիվացնենք ստորերկրյա ջրային պաշարների սնուցումը, մասնավորապես՝ պիտի վերականգնենք մակերեւույթի ջրաթափանցիկությունը: Ըստ Քրիստին Քոլվինի՝ Քաղցրահամ ջրերի մարտահրավեր նախաձեռնությունը քաղցրահամ ջրերի երկրների ընտանիք է, որոնք փորձում են օգնել միմյանց՝ ավելի լավ առաջընթաց գրանցելու համար. Բայց մենք միշտ ընդգծում ենք հրատապությունը: Մենք հիմա նեղ պատուհան ունենք. եթե հիմա չվերականգնենք մեր գետերը, ջրաճահճային տարածքներն ու լճերը, ապա ապագայում չափազանց տաք է լինելու, իսկ կլիման՝ չափազանց խաթարված, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ վերականգնում իրականացնել: Առաջին լուսանկարում՝ Սեւանա լիճը, հեղ.՝ Վահե Սարուխանյան