Աշունը Քարվաճառում գալիս էր սիրուն ու ամեն տարի՝ կարծես անսպասելի։ Օդը դառնում էր թարմ ու սթափեցնող. շուտով ձմեռ է, անհրաժեշտ է պատրաստվել։ Ձմեռվա համար փայտ ձեռք բերելուց անդին ես ունեի ցուրտ ու սպիտակ օրերին պատրաստվելու իմ հաճելի, փոքր ու թեթև գործերը։ Անհրաժեշտ էր աշնան գույները պահեստավորել սպիտակ ձմռան համար։ Բերքահավաքը Քարվաճառի իմ ամենասիրելի շրջաններից էր։ Խնձորը Քարվաճառում աճում էր առանց մեծ ջանքի ու խնամքի։ Կարմիր, կանաչ, դեղին խնձորը դառնում էր չիր կամ պահեստավորվում էր դատարկ փեթակներում՝ թարմ մնալով մինչև գարուն։ Այս գաղտնիքով Քարվաճառի մեղվապահներն էին կիսվել։ Չորանում էին մասուրը, ուրցն ու դաղձը՝ ձմռանը վառարանի վրա տաք թեյ դառնալու կարևոր առաքելությամբ։ Իսկ աշնան վերջին վիտամինաշատ բարիքը հոնն էր։ Վայրի աճող բարիքների կողքին շուտով ավելանում էին նաև մշակովի բարիքները։ Հարևաններն իրար հետ կիսվում էին այգուց հավաքած բերքով։ Աշնան կեսերին մեր տանն սկսում էին հայտնվել չոր լոբի, դդում, կաղամբ ։ Աշնան գույները կտավ էին դառնում մեծ տարայի մեջ սարքվող թթվի մեջ։ Աշունը Քարվաճառում վաղ էր գալիս, սիրուն, պոետիկ։ Կանաչ սարերը մեկ օրում երփներանգ էին դառնում՝ ի ցույց դնելով կարմիրի ու դեղինի հազար ու մի երանգ։ Ոսկեզօծ աշունը չքնաղ էր Քարվաճառում. այնքան չքնաղ, որ ուզում էիր այն պահել չրերի, դդմապուրի ու խնամքով դասավորված թթվի մեջ։ Վեց տարի է՝ թթու չեմ դնում, վեց տարի է՝ չիր չեմ սարքում։ Վեց տարի է՝ չգիտեմ՝ սիրուն է աշունը, թե ոչ։ Վեց տարի է՝ չեմ պատրաստվում ձմեռվան։ Վեց տարի է՝ չեմ տեսնում աշխարհի ամենասիրուն աշունը ամենասիրուն սարերում։ Վեց տարի է՝ կորել է տարվա իմ եղանակը, որ ապրում էր Քարվաճառի լեռներում։ Թամարա Գրիգորյան