Այսօր Ռուսթավիի քաղաքային ավտոբուսներում տեղի է ունեցել անսովոր և շատ տհաճ միջադեպ։ Սովորական տեղեկատվության փոխարեն, մեքենայի մոնիտորները հանկարծ սկսել են ցուցադրել պոռնոգրաֆիկ տեսանյութեր։ Ռուսթավիի քաղաքային տրանսպորտը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռուսթավիի ավտոբուսների էկրաններին 18+ տեսանյութեր են ցուցադրվել։ Ծառայությունը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ ավտոբուսների մոնիտորները կառավարող սերվերը, ենթադրաբար, ենթարկվել է կիբերհարձակման։ «Ռուսթավիի քաղաքային ավտոբուսների մոնիտորները կառավարող սերվերի վրա կիբերհարձակում է իրականացվել, որի արդյունքում էկրաններին մի քանի վայրկյան ցուցադրվել է անպարկեշտ պատկեր։ Քաղաքային տրանսպորտի ծառայությունը անմիջապես արձագանքել է։ Ներկայումս բոլոր ավտոբուսների մոնիտորները անջատված են, և համապատասխան մարմինները հետաքննում են միջադեպը», — ասվում է հայտարարության մեջ։ Քաղաքային տրանսպորտի մոնիտորների սարքավորումները և ծրագրային ապահովումը տրամադրվել են Azri-ի կողմից։ Նույն ընկերությունը պատասխանատու է Թբիլիսիի հասարակական տրանսպորտի տեղեկատվական ենթակառուցվածքի համար։ Ուղևորները վաղ առավոտից սոցիալական ցանցերում կիսվում են միջադեպի մասին պատմություններով։ Այսօր մի քաղաքացի սոցիալական ցանցերում գրել է. «Այսօր երեխաներ էին երթևեկում համար 4 ավտոբուսով։ Հանկարծ էկրանին սկսեցին պոռնոգրաֆիա ցուցադրել հասարակական ավտոբուսում։ Չգիտեմ՝ ուղևորը տարածե՞լ է այն էկրանին, թե՞ ինչպես է դա պատահել, բայց դա անընդունելի է։ Վարորդը չէր կարողանում անջատել էկրանը և ծածկել էր այն իր բաճկոնով։ Հուսով եմ այս իրավիճակը արձագանք կգտնի, և նման միջադեպ այլևս չի կրկնվի»։ Ծառայության տվյալներով՝ անպարկեշտ տեսանյութերը էկրաններին հայտնվել են մի քանի վայրկյանով։ Ո՞վ կարող է կանգնած լինել ենթադրյալ կիբերհարձակման հետևում, դեռևս անհայտ է։ Նյութը aspny.ge-ից է։