Հոկտեմբերի 29-ին Բաքվում Թուրքիայի դեսպանատանը Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանն Ադրբեջանը ներկայացրել է թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։ Նախկինում նման միջոցառումներին Ադրբեջանը ներկայացնում էր Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Ներկայացվածության մակարդակի այս փոփոխությունը դժվար է անտեսել։ Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին այս մասին գրում են ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները։ Այնուամենայնիվ, նշվում է, թե նման գործելակերպն առաջինը Բաքուն չի կիրառել։ Իշխանամերձ Qafqazinfo պարբերականը գրում է, որ այս տարի Անկարան ինքն է խախտել երկարամյա ավանդույթը։ Մայիսի 28-ին՝ Ադրբեջանի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, Թուրքիան ներկայացրել է ոչ թե խորհրդարանի խոսնակը կամ փոխնախագահը, ինչպես նախկինում էր, այլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Բաքուն պարզապես կիրառել է դիվանագիտության մեջ ընդունված փոխադարձության սկզբունքը, նշում են ադրբեջանական լրատվամիջոցները․ Անկարային պատասխանել են ներկայացուցչական նույն մակարդակով, որը Թուրքիան ինքն էր բավարար համարել Ադրբեջանի պարագայում։ Ըստ Բաքվի՝ առավել տհաճ տպավորություն է թողել մեկ այլ դրվագ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ երկրի պետական դրոշի գույներով լուսավորելու խորհրդանշական նշանակություն ունեցող օբյեկտները։ Նախկինում նման խնդրանքները բավարարվել են։ Թե ինչու է այս անգամ մերժում ստացվել, հայտնի չէ։ Բաքուն նշում է, որ միանգամայն օրինաչափ հարց է առաջանում․ եթե Անկարան բացառիկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա ինչո՞ւ նույնիսկ հարգանքի նման խորհրդանշական դրսևորումներն են դառնում դիվանագիտական տարաձայնությունների առարկա։ Եվ այս ֆոնին՝ օրինակ է բերվում Ադրբեջանի Միլի Մեջլիսի 53 անկախ և ընդդիմադիր պատգամավորների քայլը (Ադրբեջանի խորհրդարանում որպես այդպիսին չկան իրական անկախ ու ընդդիմադիր պատգամավորներ), որոնք հոկտեմբերի 29-ին ծաղիկներ են խոնարհել Բաքվում՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին։ Միաժամանակ, ընդգծվում է, որ Աթաթուրքին, թուրք ժողովրդին և նրա պատմական ժառանգությանը հարգանք ցուցաբերելը չի նշանակում անվերապահորեն հավանություն տալ ներկայիս Անկարայի յուրաքանչյուր որոշմանը։ Երկու երկրների հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ անցած ամիս Ադրբեջանն արգելել է գլխաշոր կրելը դպրոցներում, ինչը Թուրքիայում բողոքի ալիք և քննադատություն է առաջացրել։Հոկտեմբերի 25-ին Էրդողանը պաշտոնանկ էր արել նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որը քննադատել էր այդ որոշումը։ Այս քայլը նպատակ ուներ «մեղմել լարվածությունը»։ Սակայն դա, կարծես, բավարար չէ, քանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդպես էլ չի մասնակցել այսօր Անկարայում կայացած Թյուրքական պետություններ կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի «Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում