Ալիևի ռեժիմն ամեն օր ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը՝ չնայած Միջազգային դատարանի որոշմանը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեսյուրը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ապացույցներ կան։ Մի քանի շաբաթ առաջ ես հանդիպեցի Caucasus Heritage Watch-ի հետազոտողներին, որոնք արբանյակային պատկերների միջոցով փաստագրում են այն, ինչ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս տեսնել տեղում։ Դեռ որքա՞ն է միջազգային հանրությունը լռելու այս մասին։ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը։ 2020 թվականի պատերազմին 2023 թվականին հաջորդեց Ալիևի կազմակերպած էթնիկ զտումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ զրկվեց հայ բնակչությունից։ Այդ ժամանակվանից Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ փակել են մուտքը տարածաշրջան։ Տեղում չի մնացել որևէ վկա, որը կարող էր տեսնել ու պատմել, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Ըստ վերջին զեկույցի՝ անցած գարնանը ոչնչացվել է հայկական ժառանգության առնվազն չորս օբյեկտ։ Սա վկայում է այն մասին, որ տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության ջնջման գործընթացն արագանում է։ Ստեփանակերտում քանդվել են Սուրբ Աստվածածին մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Նույն քաղաքում ավերվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը։ Իսկ Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է գերեզմանատունը, որտեղ խաչքարեր կային։ Հետազոտողներն ինձ պարզաբանեցին, որ ամենամեծ վտանգի տակ հենց հայկական գերեզմանատներն են։ Դրանք ավելի վատ են պաշտպանված, չունեն պահպանության պաշտոնական կարգավիճակ, բացի այդ՝ դրանց ոչնչացումն ավելի աննկատ է տեղի ունենում, քան եկեղեցիների ավերումը։ Մինչդեռ դեռևս 2021 թվականին ՄԱԿ միջազգային դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել հայկական այս ժառանգության պաշտպանությունը։ Սակայն հետազոտողների աշխատանքն ապացուցում է՝ այս պահանջները բացարձակապես չեն կատարվում, իսկ ավերածությունները շարունակվում են։ Միջազգային հանրության խնդիրն է շարունակել բացահայտորեն դատապարտել այս կազմակերպված ոչնչացումը։ Պատմության պաշտպանությունը մեր ընդհանուր ժառանգության՝ ողջ մարդկության ժառանգության պաշտպանությունն է։ Ուստի մենք իրավունք չունենք աչք փակելու այս ամենի վրա»: The post Ադրբեջանն ամեն օր ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր appeared first on Ազգ .