ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ակտիվների ապասառեցման պահից «Binance»–ից մեծ ծավալի կապիտալ է արտահոսելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը` մեկնաբանելով «դարի կողոպուտ» որակումը ստացած հաքերային հարձակումը։Հոկտեմբերի 29-ին հաքերային հարձակման է ենթարկվել աշխարհի ամենամեծ կրիպտոարժութային «Binance» բորսան: Նախնական վարկածով` հաքերներին հաջողվել է «կոտրել» ծրագրավորող ինժեներներից մեկի համակարգիչը և մոտ 1.5 ժամվա ընթացքում 6.3 մլրդ դոլարի ակտիվներ դուրս բերել բորսայից։ Բորսան շտապ դադարեցրել է բոլոր դրամական մուտքերն ու ելքերը և սառեցրել շուրջ 3 մլրդ դոլարի ակտիվներ, նաև խոստացել է փոխհատուցել բոլոր կորուստները։Նա նշեց, որ կողոպտված ընկերության օրական շրջանառությունը շուրջ 100 մլրդ դոլարի է հասնում, տարեկան շահույթը` շուրջ 16 մլրդ դոլարի։ Այսինքն` հափշտակված ակտիվները, նրա խոսքով, համարժեք են այդ ընկերության մի քանի ամսվա շահույթին։ Ընկերության ակտիվները ներկա պահին 160 մլրդ դոլար են գնահատվում, հետևաբար կորուստը տնօրինվող կապիտալի ընդամենը 4-5 տոկոսի չափ է։Ավետիսյանը նշեց` «Binance»–ը առաջին անգամ չէ, որ հայտնվում է հաքերների թիրախում։ 2022թ–ին ընկերությունից մի քանի 100 մլն դոլարի գումար էին հափշտակել։ Իսկ մինչ օրս ամենախոշոր հարձակումը գրանցվել էր 2025-ին, երբ հաքերները «Bybit» կրիպտոբորսայից 1,5 մլրդ դոլարի ակտիվներ էին հափշտակել։Նախկին կողոպուտները մասնագետները կապում են հյուսիսկորեական հաքերային խմբերի հետ, որոնք նախկինում նույնիսկ պատասխանատվություն են ստանձնել նման հարձակումների համար։ Այս անգամ ևս ենթադրյալ հանցագործները հյուսիսկորեացի հաքերներն են։Ամեն դեպքում նման հարձակումները խիստ բացասաբար են ազդում ոչ միայն կողոպտված ընկերությունների, այլ կրիպտոարժույթի ամբողջ շուկայի վարկանիշի վրա։ Դրա հետևանքով կրիպտոարժույթի գները կտրուկ անկում են ապրում։ Բիթքոինի արժեքը մեկ օրում 78.5 հազար դոլարից իջել է մինչև 76.5 հազարի, և, մասնագետների համոզամբ, դեռ կշարունակի նվազել։