Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից 3600 լարի է հատկացրել «Վեկտոր» կրթական կենտրոնին՝ «Զարզմա» մաթեմատիկական օլիմպիադային Ախալքալաքի մունիցիպալիտետի աշակերտների մասնակցությունն ապահովելու նպատակով։ Գումարը հատկացվել է Մշակույթի բաժնի դիմումի հիման վրա։ Jnews-ը զրուցել է մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պաշտպանության և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Օլիկո Մելիքիձեն հետ՝ պարզելու, թե քանի՞ աշակերտ է Ախալքալաքից մասնակցելու օլիմպիադային և, ո՞ր դպրոցներից են։ «Ախալքալաքի մունիցիպալիտետից «Զարզմա» օլիմպիադային մասնակցելու են երկու աշակերտ։ Նրանք Ախալքալաքի թիվ 3 դպրոցի աշակերտներ են։ Օլիմպիադան անցկացվում է վրացերեն լեզվով»,- նշեց Օլիկո Մելիքիձեն։ Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի մյուս դպրոցների տնօրենների հետ, հասկանալու համար, թե արդյո՞ք Ախալքալաքի դպրոցները տեղեկացված են «Զարզմա» օլիմպիադայի մասին և արդյո՞ք երեխաների այդ օլիմպիադային չմասնակցելու պատճառներից մեկը կարող է լինել վրաց լեզվին ոչ լիարժեք տիրապետելը։ Տնօրենների հետ զրույցի արդյունքում պարզվեց, որ նրանք չգիտեն այդ օլիմպիադայի մասին, ուստի աշակերտների չմասնակցելու պատճառը տեղեկացված չլինելն է։ «Եթե մեր աշակերտները տեղեկացված լինեին «Զարզմա» օլիմպիադայի մասին, նրանք անպայման կմասնակցեին, քանի որ օլիմպիադայի վրաց լեզվով անցկացվելը չի կարող խոչընդոտ լինել մեր երեխաների համար։ Կարծում եմ հաջորդ տարի մենք արդեն կունենանք այդ օլիմպիադային մասնակցող աշակերտներ», — Jnews-ի հետ զրույցում ասաց թիվ 4 հանրային դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհիներից մեկը։ «Զարզմա» մաթեմատիկական օլիմպիադան կազմակերպվում է Զարզմայի ակադեմիայի նախաձեռնությամբ։ Ակադեմիայի գործունեությունը սկիզբ է առել 2007 թվականին՝ Զարզմա գյուղի դպրոցում մաթեմատիկայի խորացված ուսուցման նախաձեռնությամբ։ Զարզմայի ակադեմիան զբաղվում է ոչ միայն օլիմպիադաների կազմակերպմամբ, այլև մաթեմատիկական տաղանդ ունեցող երեխաների կրթական աջակցությամբ։ Ակադեմիայի գործունեության արդյունքում ստեղծվել են նաև «Վեկտոր» մաթեմատիկայի պատրաստման կենտրոնը՝ Ախալցիխեում 2014 թվականից ակադեմիայի կազմակերպմամբ մաթեմատիկական օլիմպիադաներ են անցկացվում տարածաշրջանային և համապետական մակարդակներում։ Կազմակերպիչների հրապարակած տվյալներով՝ օլիմպիադաներին մասնակցում է ավելի քան 4000 աշակերտ։ Օլիմպիադայի անցկացման ձևաչափը տարիների ընթացքում փոփոխվել է։ Մասնավորապես, 2024 թվականի համապետական մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ առցանց, առկա և եզրափակիչ։ Այդ տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին հիմնականում 8-9-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև 7-րդ դասարանցիները։ Առկա փուլն անցկացվել է Վրաստանի ութ քաղաքներում, այդ թվում՝ Ախալցիխեում: