Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է Հայ պատանդներն Ադրբեջանում․ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ թղթածրարը՝ 2026 թ. հոկտեմբերի 29-ի թվակիրով։ Այն ներկայացնում է այն 20 հայերի վիճակը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից ավելի քան երեք տարի անց․ հայտնում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը։ 20-ի թվում են Արցախի Հանրապետության նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներ, քաղաքացիական անձինք և ռազմագերիներ։ Նրանցից երկուսը պահվում են 2020 թ. պատերազմից ի վեր։ Բոլորը դատապարտված են և կրում են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման պատիժներ։ Թղթածրարը ներկայացնում է, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը հայտնվել գերության մեջ, և պարունակում է տեղեկություններ 20-ից յուրաքանչյուրի մասին։ Թղթածրարն արձանագրում է. դատավարություններ ռազմական դատարանում՝ դիտորդների համար հիմնականում փակ, իսկ դատավճիռներն ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանությանը. 2025 թ. դեկտեմբերից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի որևէ այց տեղի չի ունեցել. Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը մնում է չհրապարակված, քանի որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումները դեռ քննության փուլում են. խորհրդարանների, կառավարությունների և իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը, ինչպես նաև տեղեկություններ երրորդ երկրների միջոցով այցեր կազմակերպելու անհաջող փորձերի մասին։ Մինչ օրս ազատ արձակումները տեղի են ունեցել միայն քաղաքական գործարքների շրջանակում,-նշում է ՀԴԿԽ-ն։ Նրանք պատանդներ են, և պետք է ազատ արձակվեն անհապաղ և անվերապահորեն՝ առանց փոխանակումների կամ քաղաքական զիջումների ։ Մինչև ազատ արձակումը թղթածրարը պահանջում է. կանոնավոր անկախ մարդասիրական մուտք և բժշկական գնահատում. անարգել կապ ընտանիքների և փաստաբանների հետ. խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի հրապարակում. Եվրոպական դատարանի պահանջների լիարժեք կատարում. 2020 թ. գերեվարված և մինչ օրս անհայտ կորած առնվազն 80 հայի ճակատագրի արդյունավետ քննություն։ Թղթածրարը լրացնում է ՀԴԿԽ-ի Արդարադատություն ըստ Ադրբեջանի-Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի վերլուծություն հավաքածուն, որը վերլուծում է Վարդանյանի գործով հրապարակված մեղադրական եզրակացությունը և դատավճիռը։ Զեկույցի անգլերեն ուղեկից հատորը՝ Justice According to Azerbaijan: The Prosecution, Trial and Conviction of Ruben Vardanyan հատուկ զեկույցը, նույնպես հասանելի է։ Թղթածրարը ( հայերեն ) Հավաքածուն ( հայերեն ) ՀԴԿԽ-ի բոլոր հրատարակությունները, այդ թվում՝ թղթածրարը և հատուկ զեկույցը, հասանելի են Մեր հրատարակությունները էջում ։