Իսրայելում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները չեն մատնանշել հստակ հաղթողին․ երկրի երկու հիմնական քաղաքական բևեռներից ոչ մեկը չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատը։ Այս իրավիճակը կարող է Իսրայելին կանգնեցնել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տևող քաղաքական անորոշության առաջ։ Իսրայելի 120-տեղանոց խորհրդարանում վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջակողմյան «Լիկուդ» կուսակցության դաշինքը և նրա հիմնական մրցակից Գադի Էյզենկոտի գլխավորած կենտրոնամետ «Յաշար» կուսակցության բևեռը չեն կարողացել ապահովել մեծամասնություն։ Արդյունքում նոր կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները կարող են բարդ և երկարատև լինել՝ հաշվի առնելով քաղաքական ու գաղափարական խոր տարաձայնությունները։ Ըստ CNN-ի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի հնարավոր սցենար կա։ Առաջին տարբերակ՝ ընդդիմադիր կառավարություն Նեթանյահուին իշխանությունից հեռացնելու ընդդիմության ամենահավանական ճանապարհներից մեկը կարող է լինել հրեական և արաբական քաղաքական ուժերի համագործակցությունը։ Սակայն հենց այս հանգամանքն էլ լուրջ խոչընդոտ է։ Ընդդիմադիր բևեռի աջակողմյան երկու առաջնորդներ՝ նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը և պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, դեմ են այնպիսի կառավարության ձևավորմանը, որը կախված կլինի խորհրդարանի երկու արաբական կուսակցություններից՝ «Միացյալ ցուցակից» և «Ռաամից»։ Նրանք դեմ են նաև այդ ուժերի արտաքին աջակցությամբ փոքրամասնության կառավարության ձևավորմանը։ Նրանց դիրքորոշումն ավելի է կոշտացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումից հետո։ Իսրայելի պատմության ընթացքում միայն մեկ անգամ է արաբական կուսակցություն ամբողջությամբ մասնակցել կառավարող կոալիցիային։ 2021 թվականին «Ռաամը» միացել էր ութ կուսակցությունից կազմված կոալիցիային, որը կարողացել էր հեռացնել Նեթանյահուին իշխանությունից, սակայն այդ կառավարությունը մեկ տարուց մի փոքր ավելի անց փլուզվել էր։ Նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերին չհաջողվի կառավարություն ձևավորել, նրանք կարող են խորհրդարանում համագործակցել՝ օգտագործելով իրենց հնարավոր մեծամասնությունը Քնեսեթի խոսնակի և այլ կարևոր պաշտոնների փոփոխության համար։ Այդ կերպ հնարավոր կլինի սահմանափակել Նեթանյահուի ժամանակավոր կառավարության գործունեությունը։ Այնուամենայնիվ, նոր վարչապետի շուրջ համաձայնության հասնելը շարունակում է բարդ խնդիր մնալ։ Երկրորդ տարբերակ՝ ազգային միասնության կառավարություն Մյուս հնարավորությունը երկու քաղաքական բևեռների միջև տարաձայնությունների հաղթահարումն ու ազգային միասնության կառավարության ձևավորումն է։ Այդպիսի կոալիցիայի կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, նրա ներկայիս կոալիցիոն գործընկերներից մի քանիսը և, ամենակարևորը, ընդդիմադիր բևեռի առնվազն մեկ կուսակցություն։ Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն պատրաստ է բաժանվել ազգային անվտանգության ծայրահեղ աջ հայացքներ ունեցող նախարար Իտամար Բեն-Գվիրից, սակայն ոչ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչից և ծայրահեղ ուղղափառ կուսակցություններից։ Սակայն Գադի Էյզենկոտը հայտարարել է, որ չի միանա Նեթանյահուի կառավարությանը։ Եթե նա փոխի իր դիրքորոշումը, դա կարող է որպես դավաճանություն ընկալվել այն իսրայելցիների կողմից, որոնք ցանկանում են Նեթանյահուի հեռացումը իշխանությունից։ Երրորդ տարբերակ՝ Նեթանյահուի դաշինքը՝ ընդդիմադիր պատգամավորների միանալու միջոցով Մեկ այլ սցենարի համաձայն՝ Նեթանյահուն կարող է փորձել իր կողմը գրավել ընդդիմադիր կուսակցություններից պատգամավորների կամ առանձին քաղաքական գործիչների։ Սակայն ընդդիմադիր բևեռի բոլոր չորս առաջնորդները՝ Գադի Էյզենկոտը, Նաֆթալի Բենեթը, Ավիգդոր Լիբերմանը և Յաիր Գոլանը, հայտարարել են, որ չեն միանա Նեթանյահուի կառավարությանը։ Բացի այդ, Նեթանյահուի քաղաքական բևեռը մեծամասնություն կազմելու համար պակասում է ութ մանդատ։ Հետևաբար, առնվազն ութ առանձին պատգամավորի համոզելը բավական բարդ խնդիր կլինի։ Չորրորդ տարբերակ՝ նոր ընտրություններ Եթե քաղաքական ուժերին չհաջողվի համաձայնության գալ, Իսրայելում կարող են անցկացվել նոր խորհրդարանական ընտրություններ։ Մինչ այդ երկրի նախագահ Իսահակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարան անցած կուսակցությունների ղեկավարների հետ։ Նրանց դիրքորոշումները լսելուց հետո նա կուսակցություններից մեկի առաջնորդին կհանձնարարի կառավարություն ձևավորել։ Սպասվում է, որ արաբական կուսակցությունները կաջակցեն Էյզենկոտին, ուստի առաջին փորձը կարող է վստահվել հենց «Յաշար» կուսակցության առաջնորդին։ Կառավարություն ձևավորելու համար առաջին թեկնածուն կունենա 28 օր, անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 14 օրով։ Եթե նրան չհաջողվի հաջողության հասնել, նախագահը նույն առաջադրանքը կվստահի մեկ այլ առաջնորդի, որը կունենա 28 օր։ Եթե երկրորդ փորձն էլ ձախողվի, Քնեսեթի պատգամավորների մեծամասնությունը կարող է նախագահին դիմել՝ երրորդ թեկնածուին առաջադրելու խնդրանքով։ Վերջինս կառավարություն ձևավորելու համար կունենա 14 օր։ Եթե այս բոլոր փորձերը ձախողվեն, Իսրայելում կնշանակվեն նոր ընտրություններ։ Ստեղծված իրավիճակում առավել շահեկան դիրքում կարող է հայտնվել Նեթանյահուն։ Որպես ժամանակավոր վարչապետ՝ նա կարող է սպասել, թե ինչպես կավարտվի իր հիմնական մրցակցի՝ Էյզենկոտի փորձը։ Եթե վերջինիս չհաջողվի կառավարություն ձևավորել, մանդատը կարող է անցնել Նեթանյահուին։ Իսկ եթե նա նույնպես ձախողի, քաղաքական փակուղին կարող է հանգեցնել նոր ընտրությունների, մինչդեռ Նեթանյահուն կշարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր վարչապետ՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։ Նոր ընտրությունները կարող են անցկացվել ոչ շուտ, քան հաջորդ գարնանը։ Այդ դեպքում Իսրայելը կանցկացնի վերջին ութ տարվա ընթացքում արդեն յոթերորդ խորհրդարանական ընտրությունները՝ կրկին կանգնելով քաղաքական անորոշության առաջ։ Անի Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսրայելում ընտրություններն ավարտվել են առանց հստակ հաղթողի․ կառավարություն ձևավորելու 4 հնարավոր տարբերակ կա
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Քրիստին Լագարդը հրաժարական է տվել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից․ ի՞նչն է պատճառը
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա մինչև 300 հազար դրամ․ նախագիծ է ներկայացվել
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Կոնջորյանի եղբորը հորդորել են ՔՊ-ից հեռանալու դիմում գրել. նեղսրտել է
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

No Comment
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago
Related coverage

Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում
Factor.am / 15 minutes ago

ԱՄՆ-ն վկա է, նաեւ՝ միջնորդ, բայց Ալիեւը հավելյալ պահանջ է առաջացնում. Կարապետյան
Pastinfo / 18 minutes ago

Արծվիկ Մինասյանը` մրցակցության և սպառողների շահերի պաշտպանի հանձնաժողովի անդամի թեկնածու
1in.am / 19 minutes ago

Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Վարդեւանյան
Pastinfo / 19 minutes ago