ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեն ցանկացած դեպքում խիստ վտանգավոր է Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։Հոկտեմբերի 28-ին Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Սուրենյանցի համար անհասկանալի է, թե ինչ են առաջարկում ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը այն դեպքում, երբ չունեն ընդդիմության առաջ քաշած ամենաֆունդամենտալ հարցի պատասխանը` որտե՞ղ է երաշխիքը, որ սահմանադրական փոփոխություններով Ադրբեջանի պահանջներն ավարտվելու են։Վերլուծաբանը չի բացառում, որ իշխանությունն առաջիկայում ինչ–որ նոր քարոզչական հնարքներով կամ շանտաժով կփորձի հասարակության աչքերում նույնականացնել սահմանադրական հանրաքվեն և խաղաղության օրակարգը։Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հնարավոր հանրաքվեին, Սուրենյանց վստահեցրեց` թե՛ «այո»–ի, թե՛ «ոչ»–ի դեպքում այն խիստ վտանգավոր է։««Այո»–ի դեպքում նշանակում է խաղաղություն Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական ինքնության ոչնչացման գնով և Ադրբեջանի վասալիտետի բոլոր պայմանների ընդունում։ Իսկ սա արդեն խաղաղություն չէ, այլ կապիտուլյացիա։ Իսկ «ոչ»–ի դեպքում նշանակում է լեգիտիմացնել նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի իրավունքը»,– ասաց Սուրենյանցը։Անդրադառնալով Միրզոյանի առաջարկած «հրաժարականին» կամ Փաշինյանի առաջարկած «արտահերթ ընտրություններին», քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ թե՛ վերջին համապետական, թե՛ անցած շաբաթ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո գործող իշխանությունը վերջնականապես կորցրել է օրինական ընտրություններ, այդ թվում՝ հանրաքվե կազմակերպելու վստահությունը։Հիշեցնենք` խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։