Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սեպտեմբերին հակամարտության սրումից ի վեր Եմենում զոհերի թիվը հասել է 1677-ի, իսկ վիրավորներինը՝ 7395-ի։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ Մարիբը պատերազմից ամենաշատ տուժած նահանգն է, որին հաջորդում են Թաիզն ու Լահջը։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ Մարիբում գործող 31 շարժական բժշկական խմբերից մնացել են միայն 6-ը։ ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ մարտական ​​գործողությունների վերսկսումից ի վեր 276 301 մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ կենսական նշանակություն ունեցող ծառայությունների շարունակական խափանումները, դեղորայքի, վառելիքի և ջրի պակասը, ինչպես նաև թափոնների կառավարման անբավարար համակարգը մեծացնում են վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը, հատկապես՝ Թաիզում։ Եմենում պատերազմ է ընթանում 2014 թ. սեպտեմբերից, երբ հութիները գրավեցին մայրաքաղաք Սանան և մի քանի այլ նահանգ։ 2015 թ. մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան միջամտեց հակամարտությանն՝ աջակցելով Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։ Սեպտեմբերից հակամարտող կողմերը շարունակ հարվածներ են հասցնում մեկը մյուսին։ –00—ՅՄ The post ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի appeared first on 24News .