Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ: Երկու հաղթանակ տանելուց հետո հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում մրցեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադի հետ ու հաղթեց 3:2 հաշվով: Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 9:6 հաշվով հաղթեց Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Օսիմժան Դաստանբեկից: Երեկոյան մրցահերթում Վազգեն Թևանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Բուլղարիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Շամիլ Մամեդովի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով: Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը կսկսեն հոկտեմբերի 30-ին, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)՝ հոկտեմբերի 31-ին: ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները Դավիթ Եղիազարյան