ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ իշխանությունները գործարար Սամվել Ալեքսանյանից «Մեգամոլը» խլելու իրավական գործընթաց են սկսել՝ սեփականատիրոջը վախեցնելու և հետայսու ևս նրա քաղաքական չեզոքությունն ապահովելու, հնարավոր է անգամ` մեծ գումարներ վճարել պարտադրելու համար: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը: Նշենք, որ վերջին տարիներին Ալեքսանյանը հայտնի է որպես իշխանության սիրելի օլիգարխներից մեկը: Ըստ պարբերականի՝ բաժնեմասն օտարվել է շուրջ 145,8 միլիոն դրամով ցածր գնով՝ առանց սահմանված կարգով գնահատվելու։Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն արդեն ընդունել է վարույթ։Պարբերականի տեղեկություններով՝ ՀԿԿ-ում քննվող այս քրեական վարույթի բուն իմաստն այն է, որ փորձում են թելերը տանել հասցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, և այս գործի շրջանակում նոր մեղադրանք է առաջադրվել նրան, քանի որ 2004-ին նա է եղել պաշտպանության նախարարը, և նրա զեկուցմամբ է, ըստ իրավապահների, 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան վաճառվել նշված տարածքը՝ առանց աճուրդ հայտարարվելու։Թերթը փորձել է Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանից ճշտումներ անել, սակայն նա չի պատասխանել զանգերի:Սամվել Ալեքսանյանի կինը՝ գործարար տիկին Շողերինան էլ թերթին ասել է, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը և այդ մասին առաջին անգամ է լսում։