ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպում է ունեցել Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեխնոլոգիական կրթության, արհեստական բանականության և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ «Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Զիմբաբվեում հայկական տեխնոլոգիական կրթության հաջողված մոդելների փորձի կիրառմանը, ԱԲ, ռոբոտաշինության և ինժեներական ուղղություններով կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: Կողմերն անդրադարձել են նաև շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտում հայկական ԱԲ լուծումներին և տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին՝ ուղղված կլիմայական ռիսկերի գնահատմանը, երաշտների կանխատեսմանն ու բնական ռեսուրսների կառավարմանը: Քննարկվել են նաև պետական համակարգի թվայնացման և հանրային ծառայությունների ավտոմատացման ուղղությամբ Հայաստանի հաջողված փորձի փոխանակման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրությունում: