Նիդերլանդների իշխանությունները թռչնագրիպի տարածման պատճառով երկրի ամբողջ տարածքում թռչնաբուծական տնտեսություններին պարտավորեցրել են թռչուններին պահել փակ տարածքներում։ Կառավարության հայտարարության համաձայն՝ մի քանի օրվա ընթացքում թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել թռչնաբուծական երեք տնտեսություններում։ «Քանի որ կարճ ժամանակահատվածում թռչնագրիպի երեք օջախ է հայտնաբերվել, տեսնում ենք, որ նոր վարակումների վտանգը լուրջ է»,- հայտարարել է գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնության պահպանության հարցերով պետքարտուղար Սիլվիո Էրկենսը։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել մարդկանց կողմից պահվող թռչունների շփումը հավանական վարակակիր վայրի թռչունների հետ։ Փակ տարածքներում պահելու պահանջը վերաբերում է վաճառքի համար նախատեսված բոլոր թռչուններին, ինչպես նաև տնային տնտեսություններում պահվող՝ հիվանդության նկատմամբ խոցելի թռչուններին, այդ թվում՝ հավերին։ Բացի այդ, երկրում ամբողջությամբ արգելվել են ռիսկային խմբին պատկանող թռչունների ցուցահանդեսները։ Իշխանությունները խստացրել են նաև թռչունների պահման վայրեր քաղաքացիների այցելությունների սահմանափակումները։ Թռչնաբուծական տնտեսությունների այցելուները պարտավոր են գրանցվել և պահպանել հիգիենայի կանոնները։ Հոկտեմբերի 26-28-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության երեք օջախ է հայտնաբերվել Գրոնինգեն և Հյուսիսային Հոլանդիա նահանգներում։ Որոշումն ընդունելիս իշխանությունները հաշվի են առել նաև Եվրամիության այլ երկրներում գրանցված բռնկումների և վերջերս հայտնաբերված վարակված վայրի թռչունների վերաբերյալ տվյալները։ Սեզոնային միգրացիայի մեկնարկը կարող է լրացուցիչ մեծացնել վիրուսի տարածման վտանգը։ Կառավարությունը ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ մշակում է ձու ածող թռչունների պարտադիր պատվաստման ծրագիր։ Միաժամանակ կառավարությունն աշխատում է պատվաստման հետ կապված առևտրային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Ծրագիրը նախատեսվում է տարեվերջին ներկայացնել խորհրդարանի հաստատմանը։