Վրաստանում գրեթե յուրաքանչյուր 4-րդ երեխան ապրում է աղքատության մեջ։ Այս մասին են վկայում Սոցիալական ծառայությունների և վիճակագրության ազգային ծառայության տվյալները։ Ավելի կոնկրետ, Սոցիալական ծառայությունների գործակալության վերջին՝ սեպտեմբերյան տվյալներով, Վրաստանում ապրուստի նպաստ է ստանում 219 հազար 54 երեխա (0-ից 18 տարեկան)։ Պաշտոնական տվյալներով՝ երկրում այս տարիքային խմբում գրանցված է 970 հազար 609 անձ։ Համապատասխանաբար, նշված տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանում յուրաքանչյուր չորրորդ երեխան ապրում է աղքատության գծից ցածր։ Ընդ որում, Սոցիալական ծառայությունների գործակալության վիճակագրությամբ՝ սոցիալապես անապահով երեխաների ամենաբարձր ցուցանիշը (բնակչության թվաքանակից ելնելով) ֆիքսվել է Թբիլիսիում (52 հազար 694 երեխա)։ Երկրորդ տեղում Քվեմո Քարթլիի տարածաշրջանն է՝ 39 հազխր 923 երեխայով, իսկ երրորդում՝ Իմերեթին (25 հազար 356 երեխա)։ Ըստ տարածաշրջանների՝ ապրուստի նպաստ ստացող 0-ից 18 տարեկան շահառուների քանակն այսպիսին է․ Թբիլիսի — 52 հազար 694 Քվեմո Քարթլի — 39 հազար 923 Իմերեթի — 25 հազար 356 Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 22 հազար 15 Աջարիայի Ինքնավար Հանրապետություն — 22 հազար 668 Կախեթի — 15 հազար 816 Շիդա Քարթլի — 15 հազար 799 Գուրիա — 7152 Սամցխե-Ջավախեթի — 5389 Մցխեթա-Մթիանեթի — 6389 Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1960։ Ինչ վերաբերում է տարիքային բաշխվածությանը, ցուցանիշն ավելի բարձր է 6-18 տարեկանների կատեգորիայում, որտեղ աղքատության գծից ցածր գրանցված է 168 հազար 595 անձ։ 0-6 տարեկան հատվածում հաշվառված է 50 հազար 459 երեխա։ The post Վրաստանում գրեթե յուրաքանչյուր 4-րդ երեխան ապրում է աղքատության մեջ appeared first on AliQ Media .