ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայկական խաղողի սորտերն այնքան էլ տարածված չեն Եվրոպայում, և այնտեղ արտահանելու համար պետք է սեղանի խաղողի ուղղությամբ ծրագրեր իրականացվեն, և փոփոխություններ կատարվեն։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Պապոյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում արդեն մթերվել է 201 հազար տոննա խաղող, առաջիկայում կմթերվի ևս 1,5-2 հազար տոննա։ Նրա խոսքով՝ որևէ դժգոհություն հանրային առումով չի եղել։«Մենք չունենք դեպք, երբ որևէ քաղաքացի պայմանագիր է ունեցել, բայց նրա բերքը չի մթերվել։ Ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացիները պայմանագրեր չեն ունեցել, բայց նրանց բերքը մթերվել է։ Հերթերը պայմանավորված են եղել նրանով, որ մեր ֆերմերները պայմանավորվածից շատ խաղող են բերել։ Դա տևել է 2-3 օր, և ամբողջությամբ լուծվել է»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։Նա հավելեց, որ հաջորդ շաբաթ իր հրավերով Հայաստան կժամանեն էմիրաթական խոշորագույն ցանցերից մեկի` «Lulu»–ի ներկայացուցիչները, որոնց հետ ինքը ավելի վաղ հանդիպել էր։ Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում խաղողի ընդհանուր բերքը 245 հազար տոննայից քիչ էր (հաշվի առնելով ոչ միայն ձեռնարկությունների կողմից մթերումը, այլև մանրածախ շուկաներում վաճառքը):