2027 թվականին մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։ Առաջնությանը կմասնակցեն 44 երկրների ավելի քան 600 մարզիկներ։ Բացի այդ, Հայաստան կժամանեն պաշտոնական պատվիրակությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ։ Փարիզում կայացած Մուայթայի միջազգային ֆեդերացիայի (IFMA) և Եվրոպայի մուայթայի ֆեդերացիայի (EMF) տնօրենների խորհրդի նիստի ընթացքում միաձայն որոշում է ընդունվել 2027 թվականի մուայթայի Եվրոպայի առաջնությունը հոկտեմբերի 9-17-ին անցկացնել Հայաստանում։ «Մուայթայը՝ որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզաձև, օլիմպիական ընտանիքի մաս է կազմում։ Այս համատեքստում Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունի՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր երկրի դերը միջազգային մարզական ասպարեզում։ Այս առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում և մեծ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ներուժը, հայկական հյուրընկալությունն ու մուայթայի զարգացման նոր հեռանկարները»,- նշված է Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: