Նախաձեռնությամբ հստակեցվում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներում ժամանակավորապես գործուղման մեջ գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը։ Մասնավորապես՝ համաձայնագիրը լրացվում է երկու հոդվածով։ Առաջինով սահմանվում են «դժբախտ պատահար արտադրությունում», «աշխատող», «գործատու», «ծառայողական գործուղում» տերմինները։ Հաջորդ հոդվածը վերաբերում է տեղեկությունը բնակության վայրի համապատասխան լիազոր մարմնին հասնելու ընթացակարգին։ ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։ Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողովի անդամ Նատալյա Սինորյանը։ Նա բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ և կոչ արել կողմ քվեարկել։ Նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում և քվեարկությամբ ընդունվել։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 2 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Առաքելյանին։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ կազմը համալրած պատգամավորը երդվել է։