«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններով և լրացմամբ առաջարկվում է երեք հիմնական փոփոխություն։ Առաջինը վերաբերում է հանրային հատվածի կազմակերպությունների լրիվ մաշված գույքի դուրսգրման և հետագա տնօրինման կարգին։ Ներկայումս այդ կարգը հաստատված է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով, իսկ համայնքների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար նման կարգ սահմանված չէ։ Գործող հրամանի ընդունման լիազորությունը նախատեսված է Կառավարության որոշմամբ, մինչդեռ գործող օրենսդրությամբ նման նորմատիվ իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ է օրենքով սահմանված համապատասխան լիազորություն։ Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է օրենքում հստակ սահմանել լիազոր մարմնի իրավասությունը, հաստատել հանրային հատվածի կազմակերպությունների լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման և հետագա տնօրինման կարգը։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը՝ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով համապատասխան կարգավորումները։ Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հանրային հատվածի հաշվապահների և հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառմանը։ Հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանված է Ֆինանսների նախարարի հրամանով։ Սահմանված համապատասխան լիազորության ձևակերպումը լիարժեք չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։ Առաջարկվում է հստակեցնել լիազոր մարմնի իրավասությունը։ Երրորդ փոփոխությունը վերաբերում է հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգին։ Փոփոխության դեպքում հաշվետվությունները կարող են ներկայացվել նաև միջգերատեսչական հանձնաժողովներին՝ օրենքով, Կառավարության որոշումներով կամ լիազոր մարմնի սահմանած դեպքերում և կարգով։ Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ հիմնական կարգավորումներն իրավական և կազմակերպական բնույթի են, բովանդակային փոփոխություններ չկան։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանը։