ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ կողմ են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու դրա ենթարկված անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական նախագծերի փաթեթն ընդունելուն՝ միաժամանակ քննադատելով առաջարկվող փոփոխությունների, իր խոսքով, առավելապես պատժողական բնույթը և փաթեթի քննարկման «անհիմն» շտապողականությունը։ Գալստյանի խոսքով՝ վերջին շրջանում ընտանեկան բռնության երևույթի շուրջ այնպիսի իրարանցում է ստեղծվել, և հնչեցվում են այնպիսի թվեր, որ կարելի է մտածել, թե այն Հայաստանի թիվ մեկ և անհաղթահարելի խնդիրն է։ Պատգամավորը մի շարք տվյալներ ներկայացրեց՝ ցույց տալով, որ հիմնավորված չէ պատժողական միջոցների խստացումը․ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի 2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում 15-49 տարեկան կանանց շրջանում ֆիզիկական կամ սեռական բռնության տարածվածության ցուցանիշը 8,7 տոկոս է։ Այս ցուցանիշը ցածր է եվրոպական մի շարք երկրների համեմատ, և վիճակագրությունն ինքնին չի հիմնավորում հատուկ պատժողական միջոցների կիրառման անհրաժեշտությունը»։ Գալստյանի գնահատմամբ՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրական քաղաքականության հիմքում պետք է լինի ոչ միայն պատժի խստացումը, այլև բռնության կանխարգելումը։ Նա ընդգծել է, որ ներկայացված ութ օրենսդրական նախագծերից բաղկացած փաթեթն առավելապես պատժողական քաղաքականության շրջանակում է, մինչդեռ բավարար ուշադրություն չի դարձվում կանխարգելման մեխանիզմներին։ Պատգամավորը մտահոգիչ է համարել նաև քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ ընտանեկան և կենցաղային բռնության հետ կապված արարքների համար առանձին հանցակազմերի ու գլուխների նախատեսումը կարող է խախտել օրենսգրքի կառուցվածքային և համակարգային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի գործող քրեաիրավական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծությամբ։ Գալստյանը հատկապես քննադատել է որոշ հանցագործությունների դեպքում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը բացառելու առաջարկը։ Նրա գնահատմամբ՝ այդ մոտեցումը կարող է հանգեցնել անհամաչափ պատասխանատվության և տարբեր հանցակազմերի միջև անհիմն տարբերակման։ Նա հարցականի տակ է դրել նաև ընտանիքի անդամի նոր սահմանման, վերականգնողական ծրագրերի պարտադիր նշանակման և տուժողի լրացուցիչ հարցաքննությունից հրաժարվելու կարգի իրավական հետևանքների բավարար գնահատված լինելը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հստակեցնել նաև տուժողի դատավարական իրավունքների պաշտպանության չափանիշները։ «Մենք չենք վիճարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, սակայն առաջարկվող օրենսդրական լուծումները չեն կարող անհրաժեշտ արդյունավետությունն ապահովել, եթե հիմնավորված չեն, և չեն գնահատվել դրանց հնարավոր հետևանքները»,- նշել է պատգամավորը։ Գալստյան, խմբակցության անունից ելույթ ունենալով, առաջարկել է օրենսդրական փաթեթը ենթարկել հիմնարար լրամշակման, քննարկումներին ներգրավել մասնագիտական ավելի լայն շրջանակների, հստակեցնել նոր հանցակազմերի օբյեկտի և սուբյեկտի հատկանիշները, բացառել անհարկի կրկնությունները, հիմնավորել պատժաչափերի համաչափությունը և սահմանել նոր կարգավորումների արդյունավետության հետագա գնահատման մեխանիզմներ։ Ամփոփելով իր ելույթը՝ պատգամավորը հիշեցրել է քրեագիտության սկզբունքներից մեկը՝ հանցագործությունների կանխարգելման գործում պատժի անխուսափելիության և արագության կարևորությունը՝ ընդգծելով, որ պատժի խստությունն ու դաժանությունն ինքնին չեն երաշխավորում արդյունավետ պայքար։ Նա նաև հարց է բարձրացրել օրենսդրական փաթեթի ընդունման շտապողականության վերաբերյալ՝ նշելով, որ որոշ դրույթներ, ռեսուրսների և միջոցների անբավարարության պատճառով, նախատեսվում է ուժի մեջ դնել միայն 2028 թվականին։ Նրա խոսքով՝ եթե իրավիճակն այդքան հրատապ է, անհրաժեշտ է բացատրել, թե ինչու են կարևոր կարգավորումներից մի քանիսի կիրառումը հետաձգվում։ The post «Հայաստան» խմբակցությունն անհիմն է համարում ընտանեկան բռնությանը վերաբերող փաթեթի քննարկման շտապողականությունը appeared first on Infocom .