Ozon-ն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով իր 11 լոգիստիկ կենտրոններին հասցված վնասը գնահատել է 30,1 միլիարդ ռուբլի։ Այս մասին նշվում է ընկերության՝ 2026 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունում, գրում է Meduza-ն ։ Կորուստների մեջ ներառված են պահեստներում ոչնչացված ապրանքների արժեքը, վնասված սարքավորումները, ինչպես նաև «այլ կորուստներ և ծախսեր»։ Հաշվետվության համաձայն՝ ընկերության ռիսկերի մի մասն ապահովագրված է եղել։ Ozon-ը շարունակում է բանակցություններն ապահովագրական ընկերությունների հետ հնարավոր փոխհատուցումների շուրջ։ Չնայած հարձակումների հետևանքով կրած վնասներին՝ Ozon-ի զուտ շահույթը 2026 թվականի երրորդ եռամսյակում աճել է 25%-ով՝ հասնելով 3,7 միլիարդ ռուբլու։ Ընկերության հասույթն աճել է 1,6 անգամ՝ կազմելով 421,2 միլիարդ ռուբլի։ Այդ ժամանակահատվածում Ozon-ը գնորդներին է առաքել 1,2 միլիարդ պատվեր․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 76%-ով ավելի։ 2026 թվականի ամռանն Ուկրաինան ընդլայնել է Ռուսաստանի ենթակառուցվածքների դեմ հարձակումների թիրախների ցանկը։ Նավթավերամշակման գործարաններից և պաշտպանական ձեռնարկություններից բացի՝ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել նաև առցանց առևտրի հարթակների պահեստներին։ Հուլիսի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակվել էին Wildberries ընկերության պահեստի վրա։ Երեք ամսվա ընթացքում հարվածների տակ է հայտնվել ընկերության 36 պահեստային տարածք։ Օգոստոսի 22-ից սկսվել են նաև Ռուսաստանի երկրորդ խոշորագույն առցանց առևտրի հարթակներից մեկի՝ Ozon-ի պահեստների դեմ հարձակումները։ Հոկտեմբերին Ուկրաինայի զինված ուժերի թիրախ են դարձել թվային ենթակառուցվածքները։ Հոկտեմբերի 8-ից 11-ն Ուկրաինան մի շարք հարվածներ է հասցրել «Յանդեքս»-ի երեք տվյալների կենտրոններին։ Այնուհետև՝ հոկտեմբերի 14-ին, ուկրաինական անօդաչուները հարձակվել են «Սբերբանկ»-ի տվյալների մշակման կենտրոնի վրա, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության տվյալների կենտրոնի վրա։ Այս հարվածների հետևանքով լայնածավալ խափանումներ են առաջացել «Յանդեքս»-ի, Mail.ru-ի, Ozon-ի, «Մեգաֆոնի», «ՎԿոնտակտե»-ի և այլ ընկերությունների ծառայությունների աշխատանքում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի