Հոկտեմբերի 23-ին Կարծախի բնակիչների և տարբեր երկրների բեռնատարների վարորդների բողոքի ակցիայից հետո, երբ նրանք փակեցին Ախալքալաք–Կարծախ միջազգային ճանապարհը՝ պահանջելով դրա անհապաղ նորոգումը, առանձին հատվածներում սկսվեց ճանապարհային աշխատանքներ։ Սակայն առայժմ դրանք սահմանափակվում են գրեյդերներով ճանապարհի հարթեցմամբ, փոսերը խճաքարով լցնելով և մի քանի փոս ասֆալտով նորոգելով։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ ճանապարհը շարունակում է մնալ ծայրահեղ վատ վիճակում։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից JNEWS-ին հայտնեցին, որ աշխատանքների մի մասը կկատարվի այս տարի, իսկ որոշ հատվածների հիմնանորոգումը նախատեսվում է հաջորդ տարի։ Մենք այցելեցինք դեպքի վայր և տեսանք, որ Ախալքալաքի բերդից մինչև շրջանցիկ ճանապարհ ընկած հատվածում աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհաշինարարական վարչություն № 1» ՍՊԸ-ն։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ ընկերությունը շարունակում էր մեծ փոսերը խճով լցնել։ Բացի այդ, Ախալքալաքի բերդի մոտ ընկերության աշխատողները ասֆալտով նորոգել էին երեք փոքր փոս։ Մեր տեղեկություններով, շրջանցիկ ճանապարհից մինչև Վաչիան գյուղ ընկած հատվածը «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը գրեյդերով հարթեցնում է ճանապարհի ծածկույթը։ JNEWS-ի ունեցած տեղեկությունների համաձայն, նախկին ընկերությունը հայտնվել է սև ցուցակում, սակայն շարունակում է աշխատել, հնարավոր է այլ անվան տակ, բայց հիմնական աշխատողները և տեխնիկան նույն ընկերությունից են։ Հոկտեմբերի 26-ին և 27-ին այս հատվածում աշխատանքները շարունակվել են։ Պարզելու, թե արդյոք այս տարի նախատեսվում է Ախալքալաք–Կարծախ միջազգային ճանապարհի ավելի լայնածավալ աշխատանքներ JNEWS-ը դիմեց Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտ։ Դեպարտամենտից հայտնեցին, որ «Black Sea Group» ընկերությունն Ախալքալաք–Կարծախ ճանապարհի առավել խնդրահարույց հատվածներում արդեն որոշակի աշխատանքներ իրականացրել է։ Նշվեց նաև, որ նորոգման մի մասը կկատարվի այս տարի, իսկ մյուս աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կլինի նոր մրցույթ։ Կատարված աշխատանքները հաստատելու համար խմբագրությանն էին ուղարկել ճանապարհի ասֆալտապատման լուսանկարներ։ Սակայն ներկայացված լուսանկարներից և տեղում JNEWS-ի ստացած տեղեկություններից դատելով, խոսքը Ախալքալաքի բերդի մոտ գտնվող երեք փոքր փոսերի մասին է։ Դրանք նույն հատվածներն են, որոնք, ըստ «Ճանապարհաշինարարական վարչություն № 1» ՍՊԸ-ի, ասֆալտապատել է հենց ինքը։ Մոտ տարածությունից արված լուսանկարներում տպավորություն է ստեղծվում, թե տվյալ հատվածում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Իրականում ճանապարհի մեծ մասը շարունակում է մնալ ծայրահեղ վատ վիճակում։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից JNEWS-ին հայտնեցին. «Աշխատանքների մի մասն իրականացնելու է «Բլեք Սի Գրուպ» ընկերությունը, իսկ մյուս մասը, հավանաբար, հաջորդ տարի, կփոխանցվի այլ մրցույթի միջոցով։ «Բլեք Սի Գրուպ»-ն այս տարի որոշակի աշխատանքներ կատարել է, նորոգել շատ խնդրահարույց հատվածները։ Ճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, իսկ որոշ հատվածներ այս տարի կնորոգի «Բլեք Սի Գրուպ» ընկերությունը», — պատասխանել են դեպարտամենտից։ Այս լուսանկարն ուղարկել են ավտոճանապարհների դեպարտամենտից։ Այսպիսով, ամբողջ ճանապարհի լիարժեք նորոգումը դեռ ապահովված չէ, և պարզ չէ, թե որ ընկերությունն է իրականացնում ժամանակավոր վերականգնման աշխատանքները։ Ժամանակավոր նորոգման հիմնական խնդիրներից մեկն այն է, որ անձրևներից հետո խիճը «լվացվում է», իսկ փոսերն ավելի են խորանում և վտանգավոր դառնում։ Արդյունքում ճանապարհը միայն կարճ ժամանակով է դառնում անցանելի, որից հետո դրա վիճակը կրկին վատանում է։ JNEWS-ի տեղեկություններով, «Ճանապարհաշինարարական վարչություն № 1» ՍՊԸ-ն դեպարտամենտից սպասում է քարհանքի վերաբերյալ ցուցումների, թե ճանապարհի հիմքն ամրացնելու և հետագայում ասֆալտապատելու համար, որտեղից պետք է բերվի որակյալ, ջրի ազդեցության նկատմամբ կայուն խիճ։ Հիշեցնենք, որ ընկերությունը պետք է ասֆալտապատեր Ախալքալաքի բերդից մինչև շրջանցիկ ճանապարհ ընկած հատվածը։ Այս տարի աշխատանքները սկսվեցին, սակայն հետագայում դադարեցվեցին։ Խմբագրության ունեցած տեղեկությունների համաձայն, պատճառը տեղական խճի օգտագործումն էր, որը պիտանի չէր ճանապարհի հիմքն ամրացնելու համար։ Այդ նպատակի համար անհրաժեշտ էր ավելի որակյալ նյութ՝ գետի խիճ։ Այս պահին դեռ որոշված չէ, թե որ քարհանքից պետք է բերվի համապատասխան նյութը։ JNEWS-ի տեղեկություններով, ընկերությունը սպասում է դեպարտամենտի համապատասխան ցուցումներին և պատրաստ է դրանք ստանալուց հետո վերսկսել աշխատանքները։ Ենթադրվում է, որ անհրաժեշտ ցուցումները կարող են ստացվել առաջիկա օրերին։ Մոտ 20 գյուղի բնակիչներն ու միջազգային բեռնափոխադրողներն շարունակում են բողոքել JNEWS-ն ամեն օր, ճանապարհի վիճակի վերաբերյալ, մոտ 20 գյուղի բնակիչներից և միջազգային բեռնատարների վարորդներից, բողոքներ է ստանում։ Նրանք վտանգելով իրենց անվտանգությունը և կրելով լրացուցիչ ծախսեր, ստիպված են անցնել այս հատվածով։ Ծանր բեռնատարները դժվարությամբ են անցնում բազմաթիվ խոր փոսերի միջով։ Ճանապարհի ծածկույթի վատ վիճակը երկարացնում է ճանապարհորդության ժամանակը և հանգեցնում տրանսպորտային միջոցների վնասման։ Բնակիչները կարճ ժամանակով արդեն երկու անգամ փակել են ճանապարհը, փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ Սակայն իրավիճակը տարիների ընթացքում գրեթե չի փոխվել։ Այս տարի վերականգնման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ճանապարհի առանձին հատվածներում ծածկույթը քանդվել է, սակայն լիարժեք աշխատանքներն այդպես էլ չեն ավարտվել։ Տարբեր ժամանակահատվածներում որպես պատճառ նշվել են թույլտվություններ ստանալու և նոր մրցութային ընթացակարգեր անցկացնելու անհրաժեշտությունը։ Արդյունքում այն մարդիկ, որոնք ամեն օր օգտվում են այս ճանապարհից, շարունակում են բախվել դժվարությունների, լրացուցիչ ծախսերի և անվտանգության ռիսկերի։ Ճանապարհի վիճակը դժվարացնում է ծանր բեռնատարների տեղաշարժը, երկարացնում ուղևորությունների տևողությունը և վնասում բեռնատարները։ Խնդիրն ազդում է ոչ միայն տեղի բնակիչների, այլև միջազգային բեռնափոխադրումների վրա։ Ախալքալաք–Կարծախ ճանապարհի երկարությունը մոտ 30 կիլոմետր է։ Ընդ որում, յուրաքանչյուր բեռնատար, Վրաստանով, տարանցման համար վճարում է 350 լարիին համարժեք ԱՄՆ դոլարով գումար։ Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնը վերջին մի քանի տարիների ընթացքում իր հրապարակումներում և զեկույցներում բազմիցս ուշադրություն է հրավիրել այս ճանապարհի վիճակի վրա։ Կենտրոնը վարորդներից ստանում է նաև տեսանյութեր և բողոքներ՝ քանդված ճանապարհի վերաբերյալ։ Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին նշում է, որ խնդիրը դժգոհություն է առաջացնում նաև թուրք բեռնափոխադրողների շրջանում։ «Տեղեկություններ կան, որ թուրքական կողմը վրաստանի պետական ծառայողների հետ հանդիպումների ժամանակ, որոնք պատասխանատու են տարանցիկ տրանսպորտի համար, դժգոհություններ է հայտնում այս ճանապարհի վերաբերյալ։ Այն քանդված վիճակում է, մեքենաները վնասվում են, հատկապես որ տարանցիկ բեռնափոխադրողները վճարում են։ Վերջին շրջանում համացանցում հայտնվում են թուրք բեռնափոխադրողների նկարահանած տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես այս ճանապարհով իրար ընդառաջ շարժվող երկու կցորդավոր բեռնատարներ չեն կարողանում միաժամանակ անցնել։ Հետևաբար թուրքական կողմի դժգոհությունը հասկանալի է», — ասում է Պաատա Ցագարեիշվիլին։ Չնայած բողոքի ակցիաներից հետո սկսված աշխատանքներին, գրեյդերներով հարթեցումը և փոսերը խճով լցնելը չեն լուծում քանդված ճանապարհի խնդիրը։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնեցին, որ BLEXIGRUP ընկերությունն այս տարի կշարունակի ճանապարհի առանձին հատվածների նորոգումը։ Ճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգումը նախատեսվում է հաջորդ տարի, մրցութային ընթացակարգերի անցկացումից հետո։ Մինչ այդ, մոտակա գյուղերի բնակիչներն ու միջազգային բեռնափոխադրողները շարունակում են օգտվել ճանապարհից, որն անձրևներից հետո կրկին գրեթե անանցանելի է դառնում։ Մարդիկ սպասում են ոչ թե խճաքար լցնելու ժամանակավոր աշխատանքների, այլ միջազգային ճանապարհի լիարժեք վերականգնման, որը կարևոր նշանակություն ունի ինչպես տեղի բնակչության, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների համար։