Ախուրյան խոշորացված համայնքն առաջիկա 5 տարիներին ղեկավարելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում առաջադրված միակ թեկնածուի՝ Զավեն Մանուկյանի առաջնորդած թիմը ստացել է 10.840 ձայն կամ ամբողջ ընտրացուցակի 43,08 տոկոսի աջակցությունը: Ախուրյան խոշորացված համայնքում քվեարկությանը մասնակցել է 11.737 հոգի, որից դեմ քվեարկել է 829-ը, 68 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Եթե հունիսին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի ընտրողների թիվը 31.566 էր, ապա պայմանավորված օրենսդրական նոր կարգավորումներով, որոնց համաձայն ՏԻՄ ընտրացուցակներից հանվելու էին վերջին երկու տարվա ընթացքում համայնքում առնվազն 366 օր փաստացի չապրած քաղաքացիները, այն նվազել էր 6.648-ով: Ըստ այդմ, Ախուրյան խոշորացված համայնքում, իրենց սահմանադրական իրավունքը հոկտեմբերի 25-ին կարող էր իրացնել ընդամենը 24.924 անձ: Հոկտեմբերի 25-ի ընտրություններն Ախուրյանում ընթացել են առանց միջադեպերի ու կուտակումների: Քվեաթերթիկների հաշվարկից ու արդյունքների ամփոփումից հետո, գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել բոլորին՝ և՛ ընտրողներին, և՛ չընտրողներին (14.084 հոգի չի մասնակցել ընտրություններին, 829 հոգի դեմ է քվեարկել)` խոստանալով հավասարապես ծառայել բոլորին, քանի որ կարևորում է յուրաքանչյուր բնակչին՝ անկախ քաղաքական նախասիրություններից: Ամբողջ նախընտրական քարոզարշավն անցկացնելով ոչ մրցակցային պայմաններում՝ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հանդիպումների ժամանակ հիմնականում խոսում էր բնակավայրերում անցած 3 տարիներին կատարած աշխատանքներից՝ ասֆալտապատում, խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի նորացում, նորակառույց մանկապարտեզ ու դպրոց, խաղահրապարակների տեղադրում և այլն: Նշենք, որ իրականացված ծրագրերի առյուծի բաժինը սուբսիդավորվել է Կառավարության կողմից: Իսկ ի՞նչ է առաջարկում Քաղաքացիական պայմանագիրը Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչներին մինչև 2031թ.-ը: Ավելի քան 40 կմ ճանապարհների ասֆալտապատում և սալարկում՝ համայնքի բոլոր բնակավայրերում առանց բացառության, դաշտամիջյան ճանապարհների բարելավում, խմելու ջրի ցանցերի կառուցում և արդիականացում Մեծ Սարիար, Ջաջուռավան, Կրաշեն, Շիրակ, Բասեն, Հովիտ, Ջրառատ և Կառնուտ բնակավայրերում: Նորընտիր իշխանությունը, որի առանցքային դեմքերը չեն փոխվել, խոստանում է համայնքային կենտրոններ կառուցել Այգաբաց, Հայկավան, Գետք, Կամո, Կառնուտ, Հացիկ բնակավայրերում: Ինչպես նաև մշակույթի տներ Ախուրյան, Բայանդուր, Բենիամին, Հայկավան բնակավայրերում: Նշված երկու ցանկում Հայկավան բնակավայրը կրկնվում է, որտեղ 2024թ-ի օգոստոսին CapSLoc. կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակում պաշտոնապես բացվեց համայնքային զարգացման կենտրոն, որպես հարթակ բնակիչների քննարկումների, գաղափարների առաջադրման, համայնքային նախաձեռնությունների իրականացման և ինքնակրթման համար: Այսինքն՝ առնվազն այս բնակավայրի մասով համայնքային կենտրոնի պահանջարկ չպետք է լիներ։ Հայկավանի մշակույթի տունը Իսկ Հայկավանի մշակույթի տունը 1970-ականների կառույց է՝ երկրաշարժից վնասված ու տարիների ընթացքում տեղումներից խարխլված հատվածներով։ Մինչև համայնքների խոշորացումը շենքի երկրորդ հարկում երկար տարիներ գործում էր Հայկավանի գյուղապետարանը: Դեռևս 2005 թվականին Քաղաքաշինության նախարարության հանձնարարականով մշակույթի տունն ընդգրկվել էր հիմնանորոգման ծրագրերում. այն ժամանակ հաշվարկել էին, որ վերանորոգման համար կպահանջվի շուրջ 80 մլն դրամ: Սակայն տարիների ընթացքում շենքն ավելի է խարխլվել, մարզպետները հաջորդել են միմյանց, և հիմա, ամենայն հավանականությամբ, օրակարգում կհայտնվի հիմնովին նոր շենք կառուցելու հարցը: Արևիկ գյուղի մշակույթի տունը Մշակույթի տների կառուցման ցանկից զարմանալիորեն բացակայում է Արևիկ բնակավայրը: Այստեղ մշակույթի տան վերակառուցման ծրագիր Ախուրյան խոշորացված համայնքի ավագանին հաստատել էր 2024թ.-ին՝ նախնական 350 մլն դրամ բյուջեով: Սակայն 2025թ.-ին մշակութային ծրագիրը սահուն վերափոխվեց ասֆալտապատման: Կառավարությունը որոշեց ֆինանսավորել ճանապարհաշինությունը: Կընդգրկվի՞ առաջիկա 5 տարվա ընթացքում Արևիկ բնակավայրի մշակույթի տունը պետական ծրագրերում, պարզ չէ, գուցե պատկերը փոխվի, երբ նորընտիր իշխանությունը ներկայացնի հնգամյա զարգացման ծրագիրը: Զավեն Մանուկյանի թիմն իր նախընտրական ծրագրով խոստանում է արդիականացնել համայնքի բնակավայրերի արտաքին լուսավորությունը՝ ընդլայնելով էներգախնայող տեխնոլոգիաները և յուրաքանչյուր բնակավայրում առնվազն 2կմ-ով ընդլայնել լուսավորության ցանցը: Նախընտրական շրջանում, Ախուրյան համայնքի նախկին ավագանու անդամ Մարտիկ Մաթոսյանն ուշագրավ հրապարակում էր արել համացանցում՝ անդրադառնալով 2024թ.-ին 72 մլն դրամի շրջանակում իրականացված փողոցային լուսավորության ծրագրին, որը պայմանագրային կարգով իրականացրել էր Ադել շին ՍՊԸ-ն: Ավագանու նախկին անդամը պարզել էր, որ երկու տարի առաջ գնման փաստաթղթով մեկ 100 Վտ LED փողոցային լուսատուի համար վճարվել է 59.000 դրամ, այն դեպքում, երբ Կոմունալ ՀՈԱԿ-ը նույն այդ լուսատուն Լայթինգ ՍՊԸ-ից ձեռք էր բերել մեկ հատը 14.000 դրամով: Մարտիկ Մաթոսյանը հորդորում էր ախուրյանցիներին տեր կանգնել համայնքային բյուջեին, հատկապես, որ նորընտիր ավագանիում ընդդիմադիր խմբակցություններ չեն լինելու, նշանակում է չեն լինելու նաև բարձրաձայնումներ: Խոստումների հաջորդ փաթեթը վերաբերում է կապույտ վառելիքը մինչև 2030թ.-ը համայնքի բոլոր բնակավայրեր հասցնելուն: Վերջին երկու տարին, հատկապես Ախուրյան բնակավայրում մեծ ծավալի ծառահատումներով հանրության և ԶԼՄ-ների ուշադրությունը գրաված իշխանությունը խոստանում է շարունակել կանաչապատումը, ծառատունկը, հանրային տարածքների բարեկարգումն ու մաքրությունը՝ առանց մանրամասնելու նպատակային ուղղությունները: Աղբահանությունն ու կոմունալ ծառայությունները բարելավելու նպատակով էլ դարձյալ միջոցներ են հատկացնելու հավելյալ մեքենասարքավորումների ձեռքբերման համար: Զարգացող գյուղատնտեսությունը համարելով բարեկեցիկ համայնքի հիմք՝ առաջիկա 5 տարիներին աջակցության ծրագրերի միջոցով նպաստելու են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն բերքի ավելացմանը, մշակվող ցանքատարածությունների մակերեսի ավելացմանը, բարձրարժեք մշակաբույսերի մշակության խթանմանը, գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Չեն շրջանցել նաև զբոսաշրջության, մշակույթի, սպորտի ոլորտները, որոնք զարգացնելու համար ևս թիմը ջանք ու եռանդ չի խնայելու: Խոստումների շարքում են մանկապարտեզների կառուցման ծրագրերը Կապս, Մայիսյան, Ջաջուռ և Հովունի բնակավայրերում: Նախընտրական ծրագրում չգտանք որևէ կետ՝ կապված թափառող շների հետ: Սա նշանակում է, որ կամ համայնքն, իրենց պատկերացմամբ, ամբողջությամբ խնդիրը լուծել է՝ չունենալով շների կացարան, կամ լուծման կարոտ խնդիր չի համարում: Հիշեցնենք, որ Գյումրիից հետո Ախուրյանը երկրորդ համայնքն էր, որ անտեսելով բարձրացված աղմուկը՝ 2024թ.-ի հունիսին շների ստերջացման մրցույթում հաղթած Կումնի ՍՊԸի հետ պայմանագիր էր կնքել, որի հետևանքով 350 շուն պարզապես անհետացել էր համայնքի բնակավայրերից: Եվ վերջում. Զավեն Մանուկյանն ու իր թիմը խոստանում են բարեկարգ ու անվտանգ համայնք բոլորի համար: Այս խոստումը, թերևս ամենաշատը պիտի հետաքրքրի Ախուրյան բնակավայրում ապրողներին՝ հաշվի առնելով Գյումրի-Ախուրյան խճուղին երիզող մայթերի անխնա կառուցապատումը, ծանրաքաշ բեռնատար մեքենաների ինտենսիվ երթևեկությունն ու պարբերաբար գրանցվող վթարները: