ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է The New York Times -ը։ Ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքով՝ ռուսական կողմը պնդել է այդ քայլին դիմել՝ ԱՄՆ դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։ Պարբերականի փոխանցմամբ՝ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը դիտարկվում է «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բարելավելու և պատերազմին վերջ դնելուն նպաստելու» նպատակով։ Թերթի զրուցակիցը հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևին անվանել է ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում «օգտակար միջնորդ»։ Դմիտրիևը, որը նաև Ռուսաստանի նախագահի՝ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչն է, բազմիցս մասնակցել է ամերիկյան կողմի հետ բանակցություններին։ Ռուսաստանցի անանուն պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը առանցքային դեր է խաղում դիզելային վառելիքի մատակարարման գործարքի իրականացման գործում։ Հոկտեմբերի կեսերին Կիրիլ Դմիտրիևը հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դիմել է հիմնադրամին՝ վճարումների իրականացման և գործարքի հետ կապված «մարտավարական հարցերի» լուծման հարցում աջակցություն ստանալու համար։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել հոկտեմբերի սկզբին։ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը և Կիրիլ Դմիտրիևը հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ 2022 թվականի փետրվարին՝ Ջո Բայդենի վարչակազմի որոշմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության պնդմամբ՝ հիմնադրամի միջոցով Ռուսաստանն օգտվում էր ամերիկյան ֆինանսական համակարգին հասանելիությունից։ —00—ՍՊ The post Թրամփը քննարկում է Ռուսաստանի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցը appeared first on 24News .