Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է ընդլայնել ԵՄ սահմանների և առափնյա պահպանության գործակալության՝ Frontex-ի լիազորությունները՝ կառույցին տալով ավելի մեծ դեր ԵՄ-ում մնալու իրավունք չունեցող անձանց վերադարձի կազմակերպման հարցում։ «Մեր սահմաններն այսօր բախվում են նոր մարտահրավերների՝ ներառյալ կազմակերպված հատումները, մաքսանենգային ցանցերը, փոփոխվող երթուղիները, հիբրիդային սպառնալիքներն ու գործիքայնացումը։ Ոչ մի անդամ պետություն չի կարող միայնակ դիմակայել այս մարտահրավերներին։ Մեր արձագանքը պետք է լինի ավելի արագ, ուժեղ և լավ համակարգված, ինչին էլ ուղղված է այսօրվա առաջարկը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։ Ըստ նրա՝ Frontex-ը նոր մանդատով կկարողանա արձագանքել շատ արագ՝ դառնալով ԵՄ-ում մնալու իրավունք չունեցող անձանց վերադարձի գործընթացի կենտրոնական դերակատար։ «Մենք պետք է գործենք նախքան իրադարձությունը կվերածվի ճգնաժամի, և մենք պետք է որոշենք, թե ով կարող է մուտք գործել Եվրոպական միություն, ով կարող է մնալ, բայց նաև՝ ով պետք է հեռանա Եվրոպական միությունից»,- հայտարարեց հանձնակատարը։ Նոր առաջարկով Frontex-ը կկարողանա կազմակերպել և իրականացնել վերադարձի գործողություններ նաև ԵՄ անդամ չհանդիսացող մի երկրից մյուսը։ Ներկայում երրորդ երկրներին կառույցի աջակցությունը հիմնականում տեխնիկական է՝ վերապատրաստման և կարողությունների զարգացման տեսքով։ Նոր գործողությունների համար անհրաժեշտ կլինի ԵՄ մակարդակով հատուկ համաձայնագիր, իսկ դրանց իրականացումը պետք է համապատասխանի հիմնարար իրավունքներին և չվերադարձման՝ non-refoulement սկզբունքին։ Առաջարկվում է ստեղծել Սահմանների և վերադարձի եվրոպական պահեստազոր, Վերադարձի համակարգման կենտրոն և Արագ արձագանքման ուժեր։ Վերադարձի համակարգման նոր կենտրոնը կհավաքի և կվերլուծի անդամ պետությունների տվյալները, կկանխատեսի կարիքները և կօգնի պլանավորել վերադարձի գործողությունները ԵՄ ամբողջ տարածքում։ Frontex-ի աջակցությունը կընդգրկի ամբողջ գործընթացը՝ անձանց ինքնության պարզումից և կամավոր վերադարձի խորհրդատվությունից մինչև վերադարձի իրականացում ու վերաինտեգրում։ Հանձնաժողովն առաջարկում է նաև ձևավորել Արագ արձագանքման ուժեր, որոնք անդամ պետության խնդրանքով կկարողանան տեղակայվել կարճ ժամկետում, օրինակ՝ 24 ժամվա ընթացքում։ Տեղակայման որոշումը կընդունի Frontex-ի գործադիր տնօրենը։ Ուժերը կտեղակայվեն առավելագույնը մեկ ամսով։ Եթե ճգնաժամը շարունակվի մեկ ամսից ավելի, հնարավոր կլինի գործարկել համատեղ գործողություն կամ սահմանային արագ միջամտություն։ Գործակալությունը հստակ լիազորություն կստանա նաև մշտադիտարկելու սոցիալական ցանցերում հանրամատչելի բովանդակությունը՝ արտաքին սահմանների համար հնարավոր ռիսկերը վաղ հայտնաբերելու նպատակով։ «Առաջին անգամ Frontex-ը հստակ մանդատ կունենա՝ մշտադիտարկելու սոցիալական ցանցերը՝ մարդկանց, ինչպես նաև սահմանների անվտանգությունը վտանգող բովանդակությունը հայտնաբերելու համար»,- հայտնեց ԵՄ հանձնակատարը։ Նախատեսվում է ստեղծել Առցանց մշտադիտարկման և արձագանքման կենտրոն։ Frontex-ը կկարողանա հարթակներին հայտնել սահմանների անվտանգության ռիսկերին առնչվող ապօրինի առցանց բովանդակության մասին և համապատասխան դեպքերում ազգային մարմիններին խնդրել դրա հեռացման կարգադրություններ անել։ Առաջարկով նախատեսվում է Frontex-ի մշտական կորպուսի թվակազմն աստիճանաբար հասցնել 30 հազարի։ Այն կներառի գործակալության սեփական 6,000 աշխատակից, անդամ պետություններից գործուղված 7,000 ծառայող և Սահմանների ու վերադարձի եվրոպական նոր պահեստազորի 17,000 ծառայող։ Թվակազմի ավելացումը նախատեսվում է իրականացնել փուլերով՝ մինչև 2041 թվականը։ Պահեստազորի ծառայողները կմնան անդամ պետությունների տրամադրության տակ և անհրաժեշտության դեպքում կգործուղվեն Frontex-ի գործողություններին մասնակցելու։ Զուգահեռաբար, Հանձնաժողովն առաջարկում է թվայնացնել վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման ընթացակարգերը՝ բարելավելու տվյալների փոխանակումը, արագացնելու գործերի մշակումը և նվազեցնելու վարչական բեռը։ Հանձնաժողովն առաջարկում է 2028-2034 թվականներին Frontex-ի բյուջեն հասցնել 11,8 միլիարդ եվրոյի՝ 2021-2027 թվականների գրեթե 6 միլիարդի դիմաց։ Դա մոտ 5,8 միլիարդ եվրոյի ավելացում է՝ գրեթե կրկնակի աճ։ Ֆինանսավորումը նախատեսված է Հանձնաժողովի՝ հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի առաջարկում։ Frontex-ի լիազորությունների ընդլայնման և վերադարձի ընթացակարգերի թվայնացման առաջարկները դեռ պետք է համաձայնեցվեն Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից։ Սահմանների պաշտպանության և ԵՄ-ում մնալու իրավունք չունեցող անձանց վերադարձի հիմնական պատասխանատվությունը կշարունակեն կրել անդամ պետությունները։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականին Frontex-ն աջակցել է 63 500 անձի վերադարձին, ինչը կազմել է ԵՄ մակարդակով իրականացված վերադարձների 43 տոկոսը։ Գործակալությունը նաև վերաինտեգրման աջակցություն է տրամադրել ավելի քան 19 հազար մարդու։ Անդրադառնալով ԵՄ Մուտքի և ելքի համակարգին՝ Մագնուս Բրունները հայտնեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է մուտքի և ելքի 250 միլիոն դեպք։ Այս ժամանակահատվածում մոտ 80000 մարդու մուտքը ԵՄ մերժվել է՝ օրական շուրջ 220 մարդու։ Հանձնակատարը նաև նշեց, որ 2000 մարդու մուտքը կասեցվել է՝ Եվրոպական միության անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու պատճառով։ Կարինե Ասատրյան Բրյուսել