ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանն անվանել է Ռուսաստանի կայուն և լավ գործընկեր՝ բազմաթիվ ուղղություններով, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ադրբեջանը մեր կայուն, լավ գործընկերն է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»,- ասել է Պուտինը Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում։ Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ գազի բնագավառում համագործակցության ընդլայնման հարցերը։ Նա նշել է, որ էներգետիկայի և գազի ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերն ընդգրկված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների օրակարգում։ Ռուսաստանի ղեկավարն առանձին անդրադարձել է Թուրքիա բնական գազի մատակարարումներին։ Չնայած այն հանգամանքին, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը գազ են մատակարարում Թուրքիային, Մոսկվան Բաքվին չի դիտարկում որպես թուրքական գազի շուկայի համար մրցակից, ընդգծել է Պուտինը։ Ընդհակառակը, Ռուսաստանը շահագրգռված է գործընկերության զարգացմամբ և պատրաստ է համատեղ աշխատել էներգետիկ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ «Մենք այստեղ լավ հեռանկարներ ենք տեսնում և պատրաստ ենք համատեղ աշխատել»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի