Նոյեմբերի 29-ին կայանալիք Կապան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Նարեկ Բաբայանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ Նարեկ Բաբայանը ՔՊ անդամ է։ 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր Սյունիքի մարզպետի տեղակալ։ Նույն տարվա արտահերթ ընտրություններում Բաբայանը «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնում, սակայն պարտվել էր անկուսակցական Գևորգ Փարսյանին։ Բաբայանը ստացել էր 6443 ձայն, իսկ Փարսյանը՝ 8041։ Համայնքի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը ևս հայտարարել էր, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին։ Բացի քաղաքապետի ընտրություններից՝ Բաբայանը երկու անգամ մասնակցել է Կապանի ավագանու ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «ԵԼՔ» դաշինքի ցուցակներով։ 2022 թվականի փետրվարի 18-ին Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։ Նա ՀՀ կառավարության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի լիազոր ներկայացուցիչն է։ ՀՀ-ն 2022-ից տիրապետում է կոմբինատի 21,8% բաժնեմասը։ Նշենք, որ ավելի վաղ դադարեցվել էին Տիգրան Ավինյանի՝ որպես ԶՊՄԿ խորհրդի անդամի լիազորությունները։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարին։ Հիշեցնենք, որ 2026 թվականի նոյեմբերի 29-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Այդ օրը Հայաստանի 10 համայնքում կանցկացվեն ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններ կլինեն Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ Անի Թամրազյան