Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետևողականորեն շարունակվում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Ապօրինի ծառահատումների հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները։ Բաժնում էկոպարեկային ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս» տեղամասում ապօրինի հատել են 7 սոճի։ Գավառի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերի մի մասն ապօրինի հատել է Նորատուս գյուղի 52-ամյա բնակիչը։ Համայնքային ոստիկանները նրա առանձնատան բակում հայտնաբերել են ապօրինի հատված ծառերի գերաններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։