Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ընտրություններին մասնակցել է միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ուստի ընտրապայքար չի եղել։ Ավելի վաղ ArmLur.am-ը ուսումնասիրել էր Վարշամ Սարգսյանի ունեցվածքը՝ ներկայացնելով նրա 2025 թվականի հայտարարագրում առկա տվյալները։ Հիշեցնենք, որ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։ 2024 թվականի հունվարի 15-ին Արմավիր համայնքի ավագանու կողմից ընտրվել է համայնքի ղեկավար և պաշտոնը ստանձնել հունվարի 18-ին։ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ի՞նչ ունեցվածք ունի նա։ 2025 թվականի հայտարարագրում Արմավիրի համայնքապետը նշել է Արմավիր քաղաքում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերել 2007 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժառանգության միջոցով։ 2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և գույք չի օտարել։ Վարշամ Սարգսյանի 2025 թվականի հայտարարագրում տրանսպորտային միջոց նշված չէ։ Դրամական միջոցներ Տարվա սկզբին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 511 հազար 450 դրամ, իսկ տարեվերջին՝ 13 հազար 831.57 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 4 մլն 790 հազար դրամից տարեվերջին հասել են 4 մլն 900 հազար դրամի։ Եկամուտ 2025 թվականին Վարշամ Սարգսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 12 մլն 978 հազար 78 դրամ։ Դրանից 9 մլն 574 հազար 532 դրամը ստացել է Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն։ ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձի տեսքով ստացել է 1 մլն 897 հազար 446 դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նրա եկամուտը կազմել է 506 հազար 100 դրամ, բացի այդ՝ ստացել է 1 մլն դրամ միանվագ վճար։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սարգսյանի վարկերի մայր գումարի ընդհանուր մնացորդը կազմել է 20 մլն 181 հազար 744 դրամ։ Դրանցից մեկի մնացորդը 4 մլն 438 հազար դրամ է, մյուսինը՝ 15 մլն 743 հազար 744 դրամ, որի նպատակային նշանակությունը բնակարանի ձեռքբերումն է։ Վարշամ Սարգսյանը հայտարարագրում նշել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։ Սոնա Գրիգորյան