Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Միացյալ Նահանգների վիզայի տրամադրումից հետո ստուգումների գործընթացը չի ավարտվում։ Ամերիկյան կողմը շարունակաբար հետևում է վիզա ստացած անձանց գործունեությանը՝ համոզվելու, որ նրանք խստորեն պահպանում են ԱՄՆ օրենքներն ու ներգաղթային կանոնները։ Ինչու է դա կարևոր. ԱՄՆ իշխանությունները ակտիվ պայքար են մղում վիզային խարդախությունների և անօրինական ներգաղթի դեմ։ Կանոնները չարաշահող անձանց վիզաներն անհապաղ չեղարկվելու են, իսկ վիզայի հետ կապված խարդախություն կատարած անձինք ընդմիշտ կզրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։ ԱՄՆ դեսպանության հայտարարության առանցքային կետերը. Շարունակական մոնիթորինգ. Վիզա ստանալուց հետո քաղաքացիների գործողությունները գտնվում են մշտական վերահսկողության տակ։ Չեղարկման ռիսկ. Ներգաղթային կանոններն ու օրենքները չարաշահող անձանց վիզաները ենթակա են չեղարկման։ Պատիժ խարդախության համար. Վիզայի դիմման կամ ստացման ընթացքում խարդախություն թույլ տված անձինք հետագայում ցմահ կզրկվեն ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից։