Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում և հարակից օրենսդրական ակտերում առաջարկվող լայնածավալ փոփոխությունների փաթեթի քննարկումը: Օրենսդրական այս նախաձեռնությունը, ըստ դրա հեղինակ իշխող խմբակցության պատգամավորների, նպատակ ունի վերանայելու պետության քաղաքականությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարում՝ շեշտադրումը տեղափոխելով զոհի պաշտպանությունից դեպի բռնարարի պատասխանատվություն, նրա վարքագծի շտկում և հանրային քրեական հետապնդման անխուսափելիություն։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով գործադիր մարմնի պաշտոնական տեսակետը, հայտարարեց, որ Կառավարությունը սկզբունքորեն դրական է գնահատում պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Ծովինար Վարդանյանի և Թագուհի Ղազարյանի կողմից մշակված նախագիծը։ Նա նշեց, որ նախաձեռնությունը համահունչ է ընտանեկան բռնության դեմ պայքարի համապետական օրակարգին, որին մեծ թափ է հաղորդել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած լայնածավալ արշավը։ Սարգսյանի խոսքով՝ գործադիրի առաջարկները վերաբերել են ոչ թե հայեցակարգային փոփոխություններին, այլ նախագծի իրավական կատարելագործմանը, ժամկետների հստակեցմանն ու անցումային դրույթներին: Փոխնախարարն առանձնացրեց օրենսդրական փաթեթով առաջարկվող հինգ առանցքային նորամուծությունները․ «Հանրային մեղադրանքի անխուսափելիությունը և հաշտեցման բացառումը․ Միջազգային վիճակագրությունը փաստում է, որ բռնության զոհերը դեպքի մասին իրավապահներին հայտնում են միայն 5-րդ, 6-րդ կամ նույնիսկ 7-րդ անգամ բռնության ենթարկվելուց հետո: Գործող պրակտիկայում հաճախ հանդիպող երևույթ է, երբ բռնարարը կամ ընտանիքի այլ անդամները ճնշում են գործադրում տուժողի վրա, ինչի արդյունքում տուժողը հրաժարվում է բողոքից կամ կողմերը ձևական «հաշտվում են»։ Նոր կարգավորումներով ընտանեկան բռնության հանցակազմերը դառնում են հանրային մեղադրանքի առարկա․ բողոքից հրաժարվելը, հաշտությունը կամ գործուն զղջալն այլևս հիմք չեն հանդիսանա քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Դատախազությունն ու քննչական մարմինները գործը կտանեն մինչև դատարան՝ անկախ տուժողի հետագա վարքագծից: Պարադիգմի փոփոխություն․ բռնարարն է հեռացվում բնակարանից, ոչ թե զոհը․ մինչ օրս գործող արատավոր պրակտիկայի համաձայն՝ ընտանիքում բռնության դեպքում տուժող կնոջն ու երեխաներին մեկուսացնում էին իրենց բնականոն միջավայրից և տեղափոխում ապաստարան, մինչդեռ բռնարարը շարունակում էր ապրել ընտանեկան բնակարանում: Օրենքի նոր փիլիսոփայությունը սահմանում է՝ բռնարարն է, որ պետք է մեկուսացվի զոհից և հեռացվի տնից: Տուժողն ապաստարան կուղղորդվի բացառիկ դեպքերում, երբ տանը մնալը կներկայացնի նրա կյանքի և առողջության անմիջական վտանգ: «Նախազգուշացման» վերացում և ոստիկանական հաշվառման պահպանում․ պաշտպանական միջոցներից հանվում է ձևական դարձած «նախազգուշացումը»: Փոխնախարարի տվյալներով՝ առկա են հարյուրից ավելի արձանագրված դեպքեր, երբ նախազգուշացումից հետո բռնությունը կրկնվել է: Փոխարենը ուժեղացվում է կանխարգելիչ հաշվառման ինստիտուտը, որը ոստիկանությանը թույլ կտա պոտենցիալ ագրեսորին պահել օպերատիվ տեսադաշտում։ Բռնարարների վարքագծի շտկում և պարտադիր վերականգնողական ծրագրեր․ առաջին անգամ ներդրվում է բռնություն գործադրած անձանց վերասոցիալականացման և վարքագծային շտկման ինստիտուտը: Պատժին զուգահեռ բռնարարների համար կգործեն պարտադիր ռեաբիլիտացիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արդարադատության նախարարության և մասնագիտացված հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) սերտ գործակցությամբ։ Տերմինաբանության համաժամանակեցում և տնտեսական բռնության քրեականացում․ վերացվում է անհամապատասխանությունը ոլորտային օրենքի և Քրեական օրենսգրքի միջև։ Ընդլայնվում է «ընտանիքի անդամ» եզրույթը՝ ներառելով նաև փաստացի ամուսնական կամ սերտ հարաբերությունների մեջ գտնվող անձանց: Բացի այդ, Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը, ինչպես նաև տնտեսական բռնությունը կդիտարկվեն որպես առանձին հանցակազմեր կամ ծանրացնող հանգամանքներ (օրինակ՝ անչափահասի, հղի կնոջ նկատմամբ արարքը), ինչպես դա արվել է կոռուպցիոն հանցագործությունների պարագայում»,- առաջարկվող փոփոխությունները մանրամասն ներկայացրեց ՆԳ նախարարը։ Արփինե Սարգսյանը հրապարակեց նաև վերջին տարիների վիճակագրական տվյալները, 2018 թվական — 990 ահազանգ ամբողջ հանրապետության տարածքում, 2021 թվական — 2,255 ահազանգ, 2023 թվական — 2,775 ահազանգ, 2024 թվականի 1-ին կիսամյակ — արդեն իսկ գրանցվել է 1,375 ահազանգ: «Թվերի շեշտակի աճը վկայում է իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման մասին, քանի որ մարդիկ դադարել են լռել բռնության մասին։ Միևնույն ժամանակ, սա ամբողջական իրականությունը չէ, քանի որ ընտանեկան բռնության դեպքերն ունեն խիստ լատենտային բնույթ, և իրական պատկերն ավելի մտահոգիչ է»,- հավելեց Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ռոզա Վարդանյան