ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշեց 2027 թվականին շարունակել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձին` աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովման համար մինչև 250 000 դրամ արժողությամբ կրթական էլեկտրոնային վաուչերի տրամադրման ծրագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Այս վաուչերը կարող է իրացվել միայն մեկ անգամ` տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում։2027 թվականին նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել 1500 շահառուի զբաղվածության ապահովման համար։ Դատելով որոշման բովանդակությունից` կառավարությունն այնքան էլ գոհ չէ այս ծրագրի շահառուների քանակից. 2026 թվականին նախատեսվել էր ծրագրում ընդգրկել 500 անձ, սակայն հոկտեմբերի 1–ի դրությամբ ծրագրում ընդգրկվել է 129 անձ։ՀՀ կառավարությունը որոշել է աջակցություն տրամադրել նաև այն գործատուին, որը վաուչերի հիման վրա ուսուցում անցած և ավարտական վկայական ստացած անձի հետ վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կատարելու համար կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով` մեկ դրույքով, աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 3 ամիս ժամկետով։Առաջին երեք ամիսների համար տվյալ գործատուն պետությունից կստանա աջակցություն 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը, 4–6–րդ ամիսների համար 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը։Վաուչերի հիման վրա ուսուցում անցած և ավարտական վկայական ստացած շահառուն ևս միանվագ աջակցություն կստանա։ Եթե գործատուի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակվել են 3 ամիս, ապա կստանա 100 000 դրամ, եթե աշխատանքային հարաբերությունները 12 ամիս են շարունակվել, ապա նա կստանա ևս 200 000 դրամ։2027 թվականին այս ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կկազմի 862 մլն 500 հազար դրամ։