Գործո՞ւմ ենք հանուն բնության. Հայաստանի կենսաբազմազանության չլուծված խնդիրները 17:25 19 հոկտեմբեր, 2026 Հայաստանում ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP17-ը (17th Conference of Parties)։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչները մասնակցում են երևանյան համաժողովին ՝ քննարկելու կենսաբազմազանության գլոբալ խնդիրները, հասկանալու՝ ինչ առաջընթաց է գրանցվել դրանց լուծման ուղղությամբ և ինչ պետք է անել մինչև 2030 թվականը։ Համաժողովը հյուրընկալող երկիրը՝ Հայաստանը, ներկայացրել է կենսաբազմազանության իր ազգային զեկույցը, սահմանել 30 թիրախ և նշել՝ որի համար ինչ է արել ու դեռ ինչ ունի անելու։ Հայաստանը կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում անելիքներ ունի՝ մինչև COP17-ը, դրա ընթացքում ու դրանից հետո։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է՝ որոնք են այդ խնդիրները, արդյոք դրանք լուծելու ճանապարհին ենք և ինչպե՞ս կարող է COP17-ը նպաստել Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը մինչև 2030 թվականը. պարտավորությունների երկար ցանկ՝ սեղմ ժամկետներում ՄԱԿ-ն առանձնացրել է կենսաբազմազանության պաշտպանության 23 գլոբալ թիրախներ , Հայաստանն ազգային զեկույցը մշակելիս այդ ծրագիրն ամփոփել է 30 թիրախներում։ Երկրները պետք է զեկույցում յուրաքանչյուր թիրախի համար գրեին՝ ինչ են արել, ինչ կա դեռ անելու ու ինչ տեմպերով է առաջ գնում յուրաքանչյուր թիրախին հասնելու գործընթացը։ 30 թիրախից 16-ում Հայաստանը գրանցել է առաջընթաց, բայց ոչ բավարար տեմպերով, 12-ի դեպքում նպատակին հասնելու ճանապարհին է, իսկ մնացած 2-ում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Ազգային թիրախները սահմանում են, թե, օրինակ, ինչպես պետք է պահպանվեն էկոհամակարգերը, կառավարվեն բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) կամ նվազեցվի բնության աղտոտումը։ Այդ քայլերին հասնելը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն են։ Մինչև 2030 թվականը Հայաստանը պարտավորվում է տասնյակից ավելի գործողություններ իրականացնել, «Ինֆոքոմը» առաձնացրել է կարևոր քայլերից մի քանիսը։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, կենսաբազմազանության մասնագետ Արսեն Գասպարյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում բացատրում է, որ որոշ թիրախներում էական փոփոխությունների բացակայությունը պայմանավորված է ռազմավարական փաստաթղթի՝ 2025թ․-ին ընդունվելու փաստով։ Գիտնականը մասնակցել է Հայաստանի Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP) մշակմանը, որի հիման վրա էլ գրվել է ազգային զեկույցը։ Նա նշում է, որ մինչև համապարփակ ծրագրի ընդունումը՝ առանց ուղղորդող փաստաթղթի, տարբեր գիտական խմբեր որոշակի ուսումնասիրություններ արել են, սակայն հետազոտությունը համակարգային լուծումների համար կարևոր նշանակություն ուներ։ Արսեն Գասպարյանը պարզաբանում է նաև, որ միայն Հայաստանում չէ, որ կենսաբազմազանության ազգային ռազմավարություն մշակելը երկարատև ու բարդ գործընթաց է․ հրապարակված վերջին տվյալներով ՝ ՄԱԿ-ին ազգային զեկույցներ են ներկայացրել երկրների 70%-ը։ «Պետք է հիշել, որ այդ փաստաթուղթը, ըստ էության, 5 տարվա համար է և ակնկալել, որ այդ կարճ ժամկետում հնարավոր է միանգամից ամեն ինչի հասնել, անիրատեսական է։ Զեկույցը մշակելիս մենք հաշվի ենք առել, թե ինչի կարող ենք հասնել՝ մինչև 2030 թվականը՝ հաշվի առնելով առկա միտումները, պոտենցիալ ծրագրերը, ֆինանսավորումը և այլն»։ Արսեն Գասպարյան Ազգային զեկույցում նշված է, որ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությանն ու կայուն օգտագործմանն ուղղված ներքին պետական ֆինանսավորումը 2025թ․-ին նվազել է 2024թ․-ի համեմատ մոտ 600 միլիոն դրամով՝ մոտ 3.58 միլիարդ դրամից դառնալով շուրջ 2.98 միլիարդ դրամ։ Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ դրանք արտացոլում են պետական ֆինանսավորման այն ծախսերը, որոնք, կիրառված մեթոդաբանության համաձայն, Ֆինանսների նախարարության կողմից դասակարգվել են որպես կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման հետ կապված ֆինանսական հոսքեր։ Միևնույն ժամանակ ՇՄՆ-ն նշել է, որ այս երկու թվերի համեմատությունից չի կարելի եզրակացնել, որ կենսաբազմազանության պահպանության ոլորտի պետական քաղաքականությունը կամ ֆինանսավորումը նույն չափով կրճատվել է։ «[Ֆինանսական հոսքերի փոփոխության] պատճառն այն է, որ ազգային զեկույցում ներկայացված ցուցանիշը ձևավորվում է կենսաբազմազանության հետ կապված պետական ծախսերի հաշվարկված դասակարգման հիման վրա և կարող է տարեցտարի փոփոխվել՝ պայմանավորված առանձին ծրագրերի կատարման փուլերով, կապիտալ և ընթացիկ ծախսերի տարբերությամբ, կոնկրետ միջոցառումների ավարտով կամ մեկնարկով և պետական բյուջեի ծրագրային կառուցվածքի փոփոխություններով»։ Շրջակա միջավայրի նախարարություն Սրան զուգահեռ վերջերս Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն էր տարածել , որ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։ Այսինքն երկշաբաթյա միջոցառման միայն կազմակերպչական ծախսերին հատկացվելիք գումարը շուրջ 6 անգամ ավելի է, քան կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությանն ուղղված, ազգային զեկույցում նշված 2025թ․-ի ամբողջ տարվա պետական ֆինանսավորումը։ Արսեն Գասպարյանն ընդգծում է, որ համակարգային հետազոտությունների պակասն ազդում է որոշումների կայացման ու հետագայում գործողությունների իրականացման վրա։ Նա օրինակ է բերում դեգրադացված էկոհամակարգերը․ կան երկրներ, որոնց զեկույցներում դեգրադացված էկոհամակարգի ծավալը տոկոսով է գրված, իսկ Հայաստանի ազգային զեկույցում՝ հեկտարով։ Պատճառն այն է, որ այդ երկրներում կա հստակ հետազոտություն՝ էկոհամակարգերի ո՞ր հատվածն է դեգրադացված։ Իսկ Հայաստանում չկա հաշվարկ, թե դեգրադացված էկոհամակարգերն ի՞նչ ծավալ են կազմում, ուստի ազգային թիրախներից մեկը հենց դրանց գնահատումն իրականացնելն է։ Ի՞նչն է վնասում Հայաստանի կենսաբազմազանությանը. շատ վնասող, քիչ բարձրաձայնվող գյուղատնտեսությունը Դեռևս 2023թ․-ին Արսեն Գասպարյանն ու գործընկերները հրապարակել էին «Հայաստանի կենսաբազմազանությունը» գիրքը։ Գիտնականներն ուսումնասիրել էին Հայաստանի կենսաբազմազանությունն ու առանձնացրել դրան սպառնացող վտանգները։ Արսեն Գասպարյանն «Ինֆոքոմին» պատմում է՝ կա մի խնդիր, որի մասին շատ չի խոսվում, բայց այն մեծ վնաս է հասցնում կենսաբազմազանությանը։ «Հայաստանում բոլորն [կենսաբազմազանության՝ խմբ․] առաջին խնդիր նշում են անտառահատումները կամ որսագողությունը։ Բայց հիմնական մարտահրավերը գյուղատնտեսությունն է ու ապրելավայրերի կորուստը։ Մենք բնություն ասելով հաճախ հասկանում ենք միայն անտառ, բայց չենք տեսնում, որ հարուստ կենսաբազմազանություն կա Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, որտեղ ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգանում է, բայց դրա ազդեցության գնահատականը չկա»։ Արսեն Գասպարյան Ինչպես շարունակում է գիտնականը՝ սա չի նշանակում, որ չպետք է զբաղվել գյուղատնտեսությամբ, սակայն կարևոր է, որ ճիշտ կառավարվեն այդ տարածքները։ Արսեն Գասպարյանի խոսքով՝ սա օրինակ է, որ բնությանը վերաբերող հարցերը միայն մեկ նախարարության տիրույթում չեն․ դրանց համար պատասխանատու են գերատեսչությունները և հանրությունը։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի տվյալներով ՝ գյուղատնտեսության հետ կապված գործոնները պայմանավորում են ցամաքային կենսաբազմազանության կանխատեսվող կորստի 70%-ը։ «Հայաստանի կենսաբազմազանությունը» գրքում հեղինակները մանրամասնում են, որ այստեղ գյուղատնտեսական արտադրության նպատակով հողօգտագործող հիմնական սուբյեկտները ֆերմերային տնտեսություններն են, որոնց տնօրինման տակ են գտնվում վարելահողերի ավելի քան 82%-ը, բազմամյա տնկարկների 75%-ը և խոտհարքների 50%-ը։ Համայնքային արոտավայրերում գերարածեցման պատճառով տեղի է ունենում հողի էրոզիա, մինչդեռ ավելի հեռու գտնվող արոտները թերի են օգտագործվում։ Երբ կենդանիները չափից շատ են արածում մի տարածքում, այդ հողի բուսածածկույթը, որը որպես պաշտպանիչ շերտ է հանդես գալիս, վերանում է։ Դրան զուգահեռ կենդանիները տրորում են հողի վերին շերտը, որն արդյունքում խտանում է ու ջրի ներծծման ունակությունը նվազում է։ Այս երկու գործընթացների պատճառով հողն ավելի հեշտությամբ է քայքայվում՝ տեղի է ունենում հողի էրոզիա։ Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել նաև, որ Արարատյան դաշտում վարելահողերի ընդլայնումը վնասել է Կարմիր գրքում գրանցված սողունների ապրելավայրերին։ Շրջակա միջավայրի նախարարի 2026 թ․-ի ապրիլի 3-ի հրամանով սահմանած գործողությունների ծրագիրը նկարագրում է, որ գյուղատնտեսության համար արվող ջրառը հաճախ վնասում է գետերի հուներին, ոչնչացնում ափամերձ և ջրային էկոհամակարգերի տարրերը, հատկապես՝ ձկնատեսակներն ու նրանց կերի բազան։ Գետերն ու լճերն աղտոտվում են նաև պարարտանյութերով, թունաքիմիկատներով հեղեղված անձրևաջրերից։ Ազգային 12-րդ թիրախով Հայաստանը պարտավորվում է խթանել կայուն գյուղատնտեսությունը՝ մոտ 150,000 հա արոտավայրերում ներդնելով կայուն կառավարման գործելակերպ: Բնությունը՝ որսատեղ Ամեն տարի Շրջակա միջավայրի նախարարը հաստատում է սիրողական որսորդության քվոտաներ՝ յուրաքանչյուր որսորդ որ կենդանուց քանի հատ կարող է որսալ։ Գրքում գիտնականներն ընդգծում են, որ որսն ու ապօրինի որսագողությունն ազդում են թռչունների, տարբեր կաթնասունների ու այլ կենդանատեսակների պոպուլյացիաների վրա։ Օրինակ՝ Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում գրանցված կովկասյան մարեհավին հաճախ որսում են մսի, տարբեր կենդանիներ՝ տանը որպես խրտվիլակ պահելու համար։ Արսեն Գասպարյանի կարծիքով՝ բնության մեջ որս չպետք է լինի, մարդկանց ցանկությունը բավարարելու համար այն կարող է տեղափոխվել փակ տնտեսություններ։ Հայաստանը, սակայն, շարունակելու է որսի քվոտաների տրամադրումը՝ որոշակի կարգավորումներով։ Ազգային 11-րդ թիրախով Հայաստանը պետք է ներդնի կայուն որսորդության, որսատեսակների պոպուլյացիոն մոնիթորինգի և քվոտաների գիտական հիմնավորման միասնական համակարգեր, իրազեկի ու կրթի որսորդներին։ Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ Հայաստանի Կարմիր գիրքը 16 տարի է, ինչ չի թարմացվել , թեև, ըստ օրենսդրության, բույսերի հաշվառումը պետք է թարմացվեր 10, կենդանիների հաշվառումը՝ 5 տարին մեկ։ Արսեն Գասպարյանը կարծում է, որ Կարմիր գիրքը պետք է լինի առցանց, որպեսզի արագ ու պարբերաբար դրա վրա թարմացումներ հնարավոր լինի անել։ «Առցանց Կարմիր գրքի դեպքում համապատասխան հանձնաժողովներն ինչ֊որ պարբերականությամբ, օրինակ՝ 1-2 տարին մեկ, կկարողանան փոփոխություններ անել՝ պոպուլյացիայի ավելացման, նվազեցման և այլնի մասին»։ Արսեն Գասպարյան Մասնագետը նշում է նաև, որ վտանգված կենսաբազմազանությանն ուսումնասիրելուց զատ պետք է հետազոտել նաև դրանց սպառնալիքները։ Նրա կարծիքով՝ սա ծախսատար ու երկար գործընթաց է, սակայն այդպես միայն կարելի է կազմակերպել պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Մեծ ու փոքր հանքերը՝ բնության հիմնական վնասատուների ցանկում Ըստ «Հայաստանի կենսաբազմազանությունը» գրքի՝ Հայաստանում հաշվառված է 600-ից ավելի հանք, ընդերքից դուրս է բերվում մոտ 60 տեսակի օգտակար հանածո։ Այդ տարածքները, դրանց արտանետումները, պոչամբարներն ու բաց հանքերը ոչնչացնում են էկոհամակարգերը, ազդում հանրային առողջության վրա։ Ավստրալիայի Չարլզ Ստուրտի համալսարանի 2026թ․-ին իրականացված հետազոտությունն ընդգծում է , որ հանքարդյունաբերությունն աշխարհում անհետացման վտանգի տակ գտնվող մոտ 6000 տեսակի համար սպառնալիք է, դրան զուգահեռ հանքանյութերի հետագա արդյունահանումը կարող է վտանգի տակ դնել ավելի քան 3000 տեսակի։ Մինչև Ջերմուկում ազգային պարկ կստեղծվի, հոկտեմբերի 10-ին մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի ՝ բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերին պատասխաններ տրված են, ուստի շահագործումը սկսվել է։ Նույն օրը քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ տարածեցին հայտարարություն՝ դատապարտելով հանքի շահագործումը։ Իսկ դեռևս 2025թ.-ի ապրիլին Բեռնի կոնվենցիայի Բյուրոն կոչ էր արել կասեցնել ընդերքի շահագործման թույլտվությունները մինչև նոր ՇՄԱԳ-ի իրականացումը։ Բայց, ինչպես նշվում է քաղհասարակության պահանջում, Ամուլսարի ներկայիս ՇՄԱԳ փաստաթղթերն ամբողջովին չեն պատասխանում կենսաբազմազանության, ջրերի և շրջակա միջավայրի վերաբերյալ այլ հարցերի։ Նախարարությունից էլ հայտնում են, որ նոր ՇՄԱԳ հանքի տարածքում չի իրականացվել և հիմք է ընդունվել 2016թ․-ի ապրիլի 29-ին ստացած ՇՄԱԳ դրական եզրակացությունը։ Արսեն Գասպարյանն էլ կարծում է, որ հանքի շահագործման մտահոգությունները փարատված չեն: Նա մանրամասնում է՝ կան նմանատիպ հանքեր այլ երկրներում, որոնք լուրջ խնդիրներ են առաջացրել։ Օրինակ՝ Ղրղզստանի Կումտոր ոսկու հանքի տարածքում 1998թ․ տրանսպորտային վթարի պատճառով հայտնվել էր հարակից գետում մոտ 1.7 տոննա նատրիումի ցիանիդ։ Ընկերությունը գյուղի բնակիչներին պատահարի մասին տեղյակ չէր պահել, գետի ջուրը խմելու և ոռոգման համար օգտագործող մարդիկ թունավորվել էին, որոշները՝ մահացել։ Արսեն Գասպարյանը բացատրում է, որ զբոսաշրջային գոտում, որտեղ բնակիչներն արդեն ունեն զբաղվածություն, հանք բացելը մի շարք խնդիրներ է առաջացնելու։ Սրան զուգահեռ գիտնականը շեշտում է, որ խնդիր են նաև փոքր հանքերը․ դրանք աղտոտում են օդը, էկոհամակարգերը և հանրությանը օգուտ չեն տալիս: «Փոքր հանքարդյունաբերական ծրագրերը միայն խնդիրներ են բերում, դրանք կետային աղտոտման աղբյուրներ են։ Դրանց վերջը պետք է միանշանակ տրվի»։ Արսեն Գասպարյան Ազգային զեկույցում հանքարդյունաբերության հետ կապված առանձին թիրախ չկա։ 17-րդ թիրախով միայն Հայաստանը պարտավոր է ապահովել բիզնեսների կողմից կենսաբազմազանության ռիսկերի բացահայտում և հաշվետվողականություն։ Ջրի կենսաբազմազանությունը տուժում է էներգիայի ստացումից Արսեն Գասպարյանն ու գործընկերներն առանձնացրել են նաև կենսաբազմազանության վրա հիդրոէներգետիկայի ազդեցությունը․ այդ կայանները կարևոր են համարվում էլեկտրաէներգիայի արտադրության համար, իսկ, ըստ վերջին՝ 2026թ․-ի սեպտեմբերի 2-ի տվյալների , Հայաստանում առնվազն 190 փոքր հիդրոէլեկտրակայաններ կան, ևս 22-ն էլ կառուցման փուլում է։ Գիտնականները նշում են, որ այդ կայանների կառուցումն ու շահագործումն ընդհանրապես հաշվի չեն առնում տվյալ տարածքի կենսաբազմազանությունը, կենդանիների ապրելավայրը կամ համայնքների սոցիալ-տնտեսական պայմանները։ Այսինքն՝ երբ գետի վրա կայան է կառուցվում, կառուցվում է նաև պատվար, որը խոչընդոտում է ձկների ազատ տեղաշարժը։ Իսկ Հայաստանի ներկայացրած 7-րդ ազգային զեկույցն ընդգծում է, որ, ըստ հետազոտությունների, Սևանա լճի ջրի որակի վրա բացասաբար է ազդում մասնավորապես ֆոսֆորի և ազոտի կոնցենտրացիաները։ Այդ քիմիական տարրերը ջուր են ներթափանցում գյուղատնտեսության, ձկնաբուծության, կենցաղային գործունեության պատճառով, իսկ գետերն աղտոտված են մի շարք վնասակար նյութերով, այդ թվում՝ թունաքիմիկատներով։ Դրան զուգահեռ Արսեն Գասպարյանն ընդգծում է, որ Սևանա լճի ավազանի պաշտպանությունը ևս պետք է համակարգային լինի։ «Եթե Սևանը չդիտարկենք որպես էկոհամակարգ, մենք այն պահպանել չենք կարող։ Ռեսուրսի տեսանկյունից նայելով՝ հեռու չենք գնա»։ Արսեն Գասպարյան Գիտնականը կարծում է, որ միջազգային տարբեր կառույցների հետ Սևանի պահպանությանն ուղղված ծրագրերը դրական ազդեցություն կունենան, ինչպես՝ համայնքների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցումը կամ ապօրինի շինությունների հեռացումը։ Ազգային 8-րդ և 9-րդ թիրախներով Հայաստանը պարտավոր է նվազեցնել Սևանա լճի ավազանի և Հայաստանի գետերի աղտոտումը՝ ընդունելով օրենքներ ու ստեղծելով մոնիթորինգային նոր գործիքներ։ Էլ ի՞նչն է վնասում Հայաստանի կենսաբազմազանությանը Ազգային զեկույցը պաշտոնապես արձանագրում է, որ «Շիկահող» պետական արգելոցում ու «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կան ռազմականացված գոտիներ և զորքերի կուտակումներ։ Այդ տարածքներում Ադրբեջանի զորքերի չարտոնված տեղակայումը և Հայաստանի ազգային բանակի համապատասխան դիրքավորումը զգալիորեն սահմանափակում են պահպանվող տարածքի աշխատակիցների մուտքն այդ տարածքներ, կենսաբազմազանության պաշտպանությունը լիարժեքորեն տեղի չի ունենում։ Արսեն Գասպարյանը նշում է, որ այդ տարածքներին անհասանելիությունը տարբեր բացասական հետևանքներ ունի, ինչպես՝ հատումները, բնական կենսամիջավայրերի փոփոխությունը և այլն։ ՇՄՆ-ից մեր հարցմանը պատասխանել են, որ հայտնի չէ, թե «Շիկահող»-ի տարածքի քանի տոկոսի վրա է վերահսկողությունը սահմանափակված, քանի որ վերահսկողությունը կորցրած տարածքն ամբողջությամբ չափագրված ու տարածական տվյալներով հստակեցված չէ։ Բնությանը վնասող երևույթների ցանկը այսքանով չի ավարտվում․ ինվազիվ տեսակները (օտարածին տեսակներ, որոնք ներմուծվել են էկոհամակարգ, արագ բազմացել և սկսել են վտանգել տեղի կենսաբազմազանությունը), վայրի առևտուրը , օդի ու աղմուկի աղտոտումը, կլիմայական փոփոխությունը , անտառահատումները և մի շարք այլ պատճառներ ևս կրճատում են էկոհամակարգերը, վտանգի տակ դնում բույսերի, կենդանիների, սնկերի և այլ պոպուլյացիաների գոյությունը։ Այս խնդիրները հիմնականում արտահայտված են ազգային թիրախներում։ Արդեն իրականացվել են որոշ քայլեր, որոնք, ըստ զեկույցի, նպաստում են խնդիրների լուծմանը, ինչպես՝ օրենսդրական կարգավորումները, անտառվերականգնման ծրագրերը և այլն, մնում է՝ Հայաստանի մշակած գործողություններն արվեն սահմանված ժամկետներում ու շարունակվեն դրանցից հետո։ Արսեն Գասպարյանն ընդգծում է, որ օրենսդրական բազան կա՝ « Կենդանական աշխարհի մասին» , «Բուսական աշխարհի մասին» , «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքները և այլն։ Մասնագետը կարևորում է, սակայն, որ տարբեր գերատեսչությունների և հանրության համար կենսաբազմազանությունը առաջնահերթություն պետք է դառնա։ Կենսաբազմազանության պահպանումն առաջնահերթությո՞ւն է Արսեն Գասպարյանի խոսքով, COP17-ը պատուհան է՝ կենսաբազմազանության պաշտպանության ծրագրերի իրականացման համար։ Նա ընդգծում է, որ մինչև համաժողովը կենսաբազմազանությունը ու մարդկանց բարեկեցությունը, որը պայմանավորված է այդ հարստության պահպանությամբ, առաջնահերթություն չի եղել Հայաստանի համար։ Ըստ գիտնականի՝ դրա պատճառն այն է, որ մենք տասնամյակներով ներդրումներ չենք արել հետազոտությունների համար, գիտությունից չենք ակնկալել տվյալներ։ Մասնագետը կարևորում է, սակայն, որ COP17-ից մեծ ակնկալիքներ հենց հայաստանյան խնդիրների համատեքստում ունենալ պետք չէ։ Նա բացատրում է, որ COP17-ը միջազգային օրակարգի մասին է, այլ ոչ թե Հայաստանի օրակարգի։ Հայաստանը դրանից շահում է՝ բարձրաձայնելով իր խնդիրների մասին։ Բայց դա Հայաստանի մասին չէ, դա գլոբալ օրակարգ է, որը որոշ դեպքերում կարող է համատեղվել Հայաստանի օրակարգի հետ, որոշ դեպքերում՝ ոչ։ -Կենսաբազմազանությունը մեզ համար առաջնահերթությո՞ւն է։ -Հիմա առաջնահերթություն չէ։ Մենք պետք է մեր նախագահությունն օգտագործենք, որպեսզի այն փորձենք դարձնել առաջնահերթություն։ Մինչ այդ (նկատի ունի՝ COP17-ը՝ խմբ․) ո՞վ էր խոսում կենսաբազմազանության մասին, մի քանի փորձագետներ՝ մի քանի ծրագրերով։ Ինչպես ամփոփում է Արսեն Գասպարյանը՝ ինքն ու գործընկերները զբաղվել են կենսաբազմազանության խնդիրներով մինչև COP17-ը, հիմա ու կզբաղվեն միջոցառումից հետո, մնում է այս պատուհանի ընթացքում օգուտ ստանալ, ձևակերպել մեր ասելիքը և շտկել իրավիճակը։ The post Գործո՞ւմ ենք հանուն բնության․ Հայաստանի կենսաբազմազանության չլուծված խնդիրները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գործո՞ւմ ենք հանուն բնության․ Հայաստանի կենսաբազմազանության չլուծված խնդիրները
Գործո՞ւմ ենք հանուն բնության. Հայաստանի կենսաբազմազանության չլուծված խնդիրները Հայաստանում ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP17-ը (17th Conference of Parties)։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչները մասնակցում են երևանյան համաժողովին՝ քննարկելու կենսաբազմազանության գլոբալ խնդիրները, հասկանալու՝ ինչ առաջընթաց է գրանցվել դրանց լուծման ուղղությամբ և ինչ պետք է անել մինչև 2030 թվականը։ Համաժողովը հյուրընկալող երկիրը՝ Հայաստանը, ներկայացրել է […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

CTRL Z՝ Արգամ Հովսեփյանի հետ | Episode 29
Infocom / 1 hour ago

Խարկովի մարզում զբոսայգուն հասցված հարվածից 6 մարդ է զոհվել, 3-ը՝ երեխաներ | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Infocom / 2 hours ago

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրան-ԱՄՆ հակամшրտության լուծումներ գտնելու հարցում․ Լավրով | tert.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Դժգոհություն, բախումներ, ճգնաժամ․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում
Shant News / 22 minutes ago

Էրդողանը եղբայրական զգացմունքների մասին է հավաստիացնում Ալիևին, բայց ճնշում գործադրում Բաքվի վրա
Shant News / 1 hour ago

Մարտական գործողություններին զուգահեռ՝ սրվում են Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունները
Shant News / 1 hour ago

Լարվածության ֆոնին Էրդողանը ուղերձով դիմել է Ալիևին #Էրդողան #Ալիև #Թուրքիա #Ադրբեջան #Լուրեր
Shant News / 1 hour ago