ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ենթադրաբար Ադրբեջանական կողմի հետ եղել են որոշակի քննարկումներ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն է ձևավորվել, որ անկլավների խնդիրը կարող է լուծվել առանց փոխանակումների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը` մեկնաբանելով իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15–ի ճեպազրույցում ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն անկլավ-էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ են քննարկում, այդ թվում՝ համապատասխան ճշգրիտ տարածքներ փոխանակելու և սահմանի երկու կողմերում անկլավ և էքսկլավ չունենալու մասին։ Հաջորդ օրը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ զրույցում, պարզաբանելով վարչապետի միտքը, մասնավորապես ասել էր, թե ենթադրենք մենք չենք վերցնում Արծվաշենը, այդ նույն չափի տարածք իրենք մեզ տալիս են սահմանի վրա։ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ևս հարցին գրեթե նույնաբովանդակ պատասխան է տվել` ասելով, թե քննարկում են, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, պայմանական ասած, Արծվաշենն էլ՝ Բաշքենդի։Այդուհանդերձ, Արա Պողոսյանը կարծում է, որ Ադրբեջանը խնդրի լուծման այս տարբերակին վերջնական պատասխան չի տվել։ Ըստ նրա` ադրբեջանական կողմի արձագանքը լավագույն դեպքում եղել է սիտուատիվ, կամ ընդհանրապես պատասխան չի էլ եղել։ Եվ արձագանքի բացակայությունը Հայաստանում նման պատկերացում է առաջացրել։Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացրած անկլավների փոխարեն համարժեք տարածքների պահպանման տարբերակին` Արա Պողոսյանը դա «բավականին վատ» և «քիչ իրատեսական» տարբերակ է համարում` թե՛ տարածքային, թե՛ պահպանության, թե՛ նպատակահարմարության առումով։«Տարածքը պարզապես հողակտոր չէ։ Հատկապես միջպետական հարաբերություներում կարող է լինել 1մ տարածք, որն իր ռազմավարական նշանակությամբ 100-ավոր անգամ ավելի թանկ և ավելի կարևոր լինի, քան իրենից մակերեսով մի քանի 100 անգամ ավելի մեծ տարածքները»,– նկատում է քաղաքագետը։Նրա դիտարկմամբ` Արծվաշենը Ադրբեջանի համար ունի գլխավորապես ռազմավարական նշանակություն, և հայկական ուժերի հիպոթետիկ ներկայության պարագայում նրանց մոտեցնում է Ադրբեջանի կրիտիկական ենթակառուցվածքներին` նավթամուղ, գազամուղ և այլն։Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում գտնվող բանակցությունների առարկա դարձած տարածքներին (Տիգրանաշեն, Տավուշի սահմանամերձ հատվածներ), ապա դրանք, Պողոսյանի խոսքով, անկասկած ռազմավարական նշանակություն ունեն, այդ թվում` լոգիստիկ առումով։Հիշեցենք` հոկտեմբերի 13-ին էլ է Փաշինյանը խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա այն ստորագրելու և վավերացնելու վրա:Հավելենք, որ Ադրբեջանը դեռ չի ազատել 2022–ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածները: