ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոլիվուդյան դերասան և բնապահպանական ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիայի ստեղծումը, որի նախաձեռնողներն են Հայաստանը և Կոլումբիան: Այս մասին նա գրել է «Ինստագրամի» իր էջում՝ մեկնաբանելով COP17 համաժողովի շրջանակում հայտարարված որոշումները:Նա նշել է, որ 17 երկիր՝ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ, միացել են Անհետացող տեսակների վերականգնման գործողությունների նոր կոալիցիային (Coalition of Action to Recover Endangered Species, CARES): Նախաձեռնության մասնակիցները հանձնառություն են ստանձնել արագացնել ջանքերը անհետացումները կանխելու և պոպուլյացիաների վերականգնման գործում արդյունքների հասնելու ուղղությամբ:Դի Կապրիոն նաև հայտնել է, որ 9 բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, ներառյալ նրա Re:wild բնապահպանական կազմակերպությունը, ձևավորել են Տեսակների վերականգնման ալյանս (Species Recovery Alliance):Ալյանսի մասնակիցները համատեղ պարտավորվել են հինգ տարվա ընթացքում հատկացնել և համաձայնեցնել ավելի քան 500 միլիոն դոլարի ֆինանսավորում ամբողջ աշխարհում այն տեսակների վերականգնման համար, որոնք դասվում են «վայրի բնության մեջ անհետացած», «կրիտիկական վիճակում գտնվող» (լիակատար անհետացման եզրին գտնվող) և «անհետացման սպառնալիքի տակ գտնվող» կատեգորիաներին:«Այս երկու առանձին նախաձեռնություններին միավորում է ընդհանուր նպատակը՝ օգնել աշխարհում առավել խոցելի տեսակների վերականգնմանը: Դրա համար անհրաժեշտ են կայուն ներդրումներ, համակարգված բնապահպանական գործողություններ և երկարաժամկետ նվիրվածություն», – ընդգծել է դերասանը:Դի Կապրիոն շնորհավորել է նոր նախաձեռնությունների հիմնադիր հանդիսացող կառավարություններին և կազմակերպություններին:Հիշեցնենք` Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19–30-ը: Հոկտեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողով՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: