Ջորջիա նահանգում ընտանեկան վեճի հետևանքով տեղի ունեցած հրաձգության ընթացքում հինգ մարդ է զոհվել. այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ «Դուգլաս քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը կապված է եղել ընտանեկան բռնության հետ, հինգ մարդ մահացու վիրավորում է ստացել», – հայտնում է պարբերականը։ Տեղի ոստիկանության պետը լրագրողներին հայտնել է, որ միջադեպից մի քանի ժամ առաջ մի կին զանգահարել է ոստիկանություն՝ բողոքելով, որ ամուսինը տանը ծխում է։ Ավելի ուշ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր՝ հրաձգության մասին հաղորդումներից հետո, և հայտնաբերել չորս դի, ինչպես նաև մեկ վիրավորի, որը ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Հանցագործության դրդապատճառն անհայտ է. իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարծում են, որ կասկածյալն ինքնասպանություն է գործել, թեև կրակողների ստույգ թիվը չի նշվել։