ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 6 – Sputnik. Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացումն ու դրա հետևանքները ստիպում են Երևանին և Թեհրանին ավելի սերտացնել համագործակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների հարցերում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է իրանագետ Նվեր Դավթյանը՝ մեկնաբանելով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի այցը Իրան։ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում և հանդիպել Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և խորհրդարանի խոսնակի հետ։Դավթյանն արձանագրում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման պատճառով 10 անգամ ավելացել են Իրանի երկաթուղային բեռնափոխադրումները Չինաստանի հետ։ Այս առումով Հայաստանի համար ևս Իրանի տարածքով բեռների տարանցումը դեպի Չինաստան և հակառակ ուղղությամբ, արտաքին առևտրի կարևոր մասն է կազմում։ Նրա խոսքով` բնական է, որ Հայաստանը չափազանց հետաքրքրված է տրանսպորտային ենթակառուցվածքների անխափան գործունեությամբ, և դա, անկասկած, Թեհրանում բանակցությունների հիմնական թեմաներից է եղել։Իրանում պաշտոնական հանդիպումների օրակարգում է եղել նաև Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ծրագրի թեման` որպես անվտանգության և Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման կարևորությունը: «Մենք չենք պատկերացնում, որ Իրանի դեմ պատժամիջոցներն այնքան խիստ լինեն, որ թույլ չտան ինչ–որ բացառություններ անել։ Իրանը մեր հարևան երկիրն է։ Կենսական նշանակության մի շարք ապրանքատեսակներ են ներմուծվում այնտեղից, էներգետիկ ոլորտի լուրջ համագործակցության նախագծեր կան։ Ուստի, կարծում եմ, որ լուրջ, տրամաբանված փաստարկների պարագայում հնարավոր է բոլոր գործոնները մանրամասն քննարկելով, որոշ բացառություն ապահովել։ Գոնե ուղևորափոխադրման հոսքը բավարարող քանակության թռիչքներ պետք է այնպես անել, որ պահպանվեն», - ասում է Դավթյանը։Երևանի և Թեհրանի միջև քննարկման հաջորդ թեման վերաբերել է TRIPP նախագծին։ Դատելով պաշտոնական հայտարարություններից` Իրանի վերաբերմունքն այս նախագծի վերաբերյալ միանշանակ չէ։ Դավթյանն արձանագրում է, որ ԻԻՀ նախագահն ու արտաքին գործերի նախարարը մեծ հաշվով դեմ չեն արտահայտվել, բայց ավելի պահպանողական շրջանակներից հիմնականում ավելի կոշտ գնահատականներ են տրվել տարածաշրջանում ամերիկյան ներկայության և ամերիկյան վերահսկողության վերաբերյալ։ Այդուհանդերձ, Դավթյանը նաև նկատում է, որ Իրանը շարունակում է լուրջ կարևորություն տալ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անվտանգության լիարժեք վերահսկողությանը` նախագծի իրականացման համատեքստում` որպես իր համար անվտանգության երաշխիքի։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, Իրանը Հայաստանը դիտարկում է որպես ելքի պատուհան` հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրի կարգավիճակն ու Սև ծովի հետ ցամաքային կապը Վրաստանի տարածքով։Անդրադառնալով իրանա–ամերիկյան հակամարտությանը` իրանագետն ուշադրություն է հրավիրում Իրանում տարածված «և՛ բանակցություններին ենք պատրաստ, և՛ պատերազմին» թեզին` մեկնաբանելով, որ դա նշանակում է, որ պատերազմը դեռ ավարտված չէ, այն կարող է շարունակվել ցանկացած դրսևորմամբ, այդ թվում` հիբրիդային։ Այն է` տարածաշրջանի երկրներում ազդեցությունների համար պայքարի, տնտեսական տարբեր ոլորտներում` տիրելու։ Նվեր Դավթյանի համոզմամբ` այսօր տարածաշրջանում ընթացող գործընթացները հենց այդ փուլի մասին են վկայում։