Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը (ԱՎԻ) բաց նամակ է հղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ լուրջ մտահոգություն հայտնելով Արցախ/Լեռնային Ղարաբաղ կատարած՝ սեպտեմբերի 11–12-ի այցի շրջանակում հնչած ուղերձների և դրսևորած մոտեցումների վերաբերյալ։ Իր նամակում ԱՎԻ-ն ընդգծում է, որ արժանապատվությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը Եվրոպական միության հիմնարար արժեքներից են, և պնդում է, որ այդ սկզբունքները պետք է մնան Հարավային Կովկասում եվրոպական ներգրավվածության հիմքում։ ԱՎԻ-ն հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ, Ինստիտուտի գնահատմամբ, այցի ընթացքում չհնչեց Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանության հստակ հրապարակային արձանագրում, ինչպես նաև չքննարկվեցին նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ պայմանները։ Ինստիտուտը նաև մտահոգություն է հայտնում այցի ընթացքում հայկական մշակութային և կրոնական ժառանգության, այդ թվում՝ Գանձասարի և Դադիվանքի վանքերի, ներկայացման և դրանց նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ ԱՎԻ-ն գտնում է, որ Հատուկ ներկայացուցիչ Գրոնոն, ադրբեջանական կեղծ օրակարգերը ներկայացնելով որպես ընդունելի դիրքորոշումներ, նպաստել է պատմության վերանայման գործընթացին։ Տարածաշրջանի պատմական և մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը չպետք է ներկայացվեն որպես պարզապես «տարբեր տեսակետների» կամ «տարաձայնվող մոտեցումների» մրցակցություն։ Սա հատկապես վտանգավոր է այն պայմաններում, երբ պատմական պատումները կարող են օգտագործվել ավելի լայն աշխարհաքաղաքական հավակնությունների հիմնավորման համար։ «Կայուն խաղաղությունը չի կառուցվի հարկադիր տեղահանության արդյունքները ցուցադրող կազմակերպված այցելությունների միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է Եվրոպայի սկզբունքային ներգրավվածությունը՝ պաշտպանելով վերադարձի իրավունքը, պահպանելով հայկական մշակութային ժառանգությունը, պահանջելով հաշվետվողականություն և ապահովելով, որ կարճաժամկետ տնտեսական շահերը չգերակայեն Եվրոպայի արժեքներին և երկարաժամկետ ռազմավարական շահերին»։ Որպես Հարավային Կովկասում անվտանգության և հիբրիդային պատերազմի սպառնալիքներով զբաղվող ինստիտուտ՝ ԱՎԻ-ն նաև մտահոգություն է հայտնում, որ այս հարցերի վերաբերյալ հստակ հրապարակային ուղերձների բացակայությունը կարող է թուլացնել եվրոպական վստահելիությունը հայ հասարակության շրջանում և հնարավորություններ ստեղծել չարամիտ ազդեցության դերակատարների ու տեղեկատվական ազդեցության գործողությունների համար։ ԱՎԻ-ն ընդգծում է, որ դիվանագիտական ներգրավվածությունը պետք է հաշվի առնի ոչ միայն անմիջական քաղաքական և տնտեսական նկատառումները, այլև տեղահանության, մշակութային ժառանգության և հակամարտությունների կարգավորման շուրջ ձևավորվող պատումների երկարաժամկետ անվտանգային հետևանքները։ ԱՎԻ-ն կոչ է անում ապահովել եվրոպական ներգրավվածություն, որը՝ հստակորեն անդրադառնում է Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանության խնդրին, աջակցում է նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, պաշտպանում է հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, և խթանում է մարդու իրավունքների և միջազգային նորմերի խախտումների համար հաշվետվողականությունը։ ԱՎԻ-ն պատրաստակամություն է հայտնել անմիջականորեն համագործակցել ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ՝ ներկայացված մտահոգությունները քննարկելու և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների անվտանգային ու քաղաքական հետևանքների շուրջ հետագա երկխոսությանը նպաստելու նպատակով։ Անվտանգային վերլուծությունների ինստիտուտ (ԱՎԻ)