Հայաստանի կրթական համակարգը հիմա կանգնած է մի չափման առաջ, որը դժվար է շրջանցել բացատրություններով։ PISA-ի արդյունքները ցույց են տվել ոչ միայն գիտելիքի պակաս, այլ ավելի հիմնարար խնդիր՝ 15-ամյա երեխաների մեծ մասը բավարար մակարդակով չի կարողանում աշխատել տեքստի, տեղեկության և տրամաբանական կապերի հետ։ Խոսքը կրթության հիմնական արդյունքի մասին է՝ կարողանո՞ւմ է դպրոցը ձևավորել մարդ, որը հասկանում է կարդացածը, տարբերակում է կարևորն անկարևորից, համադրում է փաստերը և ինքնուրույն եզրահանգում անում։ 15-ամյա հայաստանցիների միայն 19 տոկոսն է հասել ընթերցանության այն նվազագույն մակարդակին, որի դեպքում երեխան կարողանում է հասկանալ միջին ծավալի տեքստի հիմնական միտքը, գտնել անհրաժեշտ տեղեկությունը, համադրել այն և պարզ եզրահանգում անել։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մաս կազմող երկրների միջին ցուցանիշը 69 տոկոս է։ Մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից նվազագույն պահանջվող մակարդակին հասել է մեր երեխաների ընդամենը 28 տոկոսը։ Այս թվերը հաճախ ներկայացվում են որպես կրթության վիճակագրություն։ Իրականում խոսքը շատ ավելի մեծ խնդրի մասին է։ Տեքստը հասկանալը մաթեմատիկայի խնդիր հասկանալու կարողություն է, պատմական փաստաթուղթ կարդալու կարողություն է, պայմանագիր հասկանալու կարողություն է, լրատվությունից փաստն ու մեկնաբանությունը տարբերելու կարողություն է։ Վերջապես՝ սեփական միտքը ձևակերպելու կարողություն է։ Եվ հենց այս պահին Հայաստանում սկսվել է Ընթերցանության տարին։ Այս ամենի մասին զրուցել ենք «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ, մարդու, որը տարիներ շարունակ պնդում է, որ գիրքը պետք է հանել պատվանդանից և վերադարձնել մարդու առօրյա կյանք, իսկ դեռ երկու տարի առաջ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդում ներկայացրել էր Հայաստանում հայերեն ընթերցանության զարգացման ամբողջական հայեցակարգ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում