Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է շարժման վերահսկողության տակ։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Օդային հարվածներ են հասցվել մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գազալցակայաններից մեկին և Սանայի հարավում գտնվող նավթային ընկերության շենքին։ Հութիների առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի հետ իրավիճակի էսկալացիայից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 355-ի, վիրավորվել է 757 մարդ։ Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ում գրառման մեջ տեղեկացրել է, որ հութիները սաուդական ուժերին պատկանող CH4 զինված հետախուզական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ալ-Ջաուֆի նահանգի օդային տարածքում։ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին X-ում գրառման մեջ հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են Եմենի հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված երկու հրթիռ։ Նա նաև հայտնել է թագավորության Արևելյան նահանգում անօդաչու թռչող սարքի կալանման, ինչպես նաև Հարավային շրջանի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին։ Եմենի իրավունքների և ազատությունների ցանցը հայտնել է, որ վերջին 73 ժամվա ընթացքում Թաիզի նահանգում հութիների հարձակումների հետևանքով զոհվել է 33, վիրավորվել՝ 58 խաղաղ բնակիչ։ —00—ԼԱ The post Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին appeared first on 24News .