Արտ Կվարտալի տարածքում բացվելու է ավեստագետ Սամվել Սաղաթելյանի մտահղացմամբ «Մաքուր սեր — մաքուրով սեր» պոստերային արվեստի ցուցահանդեսը, որը, ինչպես արվեստագետն է մեկնաբանում, սիրո մասին պատմելու յուրահատուկ հարթակ է, որտեղ տարբեր արվեստագետներ կներկայանան անհատական ստեղծագործական մոտեցումներով ու մեկնաբանություններով։ Ցուցահանդեսը փորձ է՝ մտածել, զգալ և բացահայտել սիրո մասին մեր պատկերացումները։ Արվեստագետներ Սամվել Սաղաթելյանն ու Նարեկ Ավետիսյանը խոսում են պոստերային արվեստի գաղափարի, տեխնոլոգիական ժամանակաշրջանում սիրո ժամանակակից դրսևորումների և արհեստական բանականության ու արվեստի մասին։ Անդրադառնալով նախագծի գաղափարին՝ Սամվել Սաղաթելյանը նշում է, որ մեր իրականության մեջ ժամանակակից արվեստի առումով որոշակի վակուում լրացնելու խնդիր կա, և մտահղացել է սիրո դրսևորումներին անդրադառնալ ամենատարբեր ասպարեզներում՝ մինչև անգամ կոռուպցիա, քանի որ սերն ու կոռուպցիան սերտորեն կապված են, երբ առկա է սեր իշխանության և փողի հանդեպ: Մեկնաբանելով ցուցահանդեսի խորագիրը՝ նա պարզաբանում է, որ այն ծագել է քաղաքային որոշակի շերտերի կողմից հաճախ օգտագործվող «մաքուրով սեր» և «մաքուրով մոտեցում» արտահայտություններից, որոնցում առկա է որոշակի հեգնանք, իսկ տեքստն ամբողջությամբ կազմված է հարցադրումներից՝ բացահայտելու համար, թե որն է «մաքուրն» ու «կեղտոտը» սիրո դրսևորման մեջ: Ցուցահանդեսին մասնակից արվեստագետ Նարեկ Ավետիսյանն ընդգծում է, որ Սամվելի առաջարկը կոնցեպտուալ առումով շատ հետաքրքիր է, պոստերի ձևաչափը ենթադրում է գործ ունենալ գաղափարի, այլ ոչ թե նյութի կամ կատարողականի հետ: Ըստ նրա՝ տեխնոլոգիական դարաշրջանում և թվային աշխարհում սիրո գաղափարը նոնսենս է, ինչի հետևանքով համակարգը սկսում է շարքից դուրս գալ, և այս տխուր պատկերին արվեստագետը փորձել է անդրադառնալ կոմիքսի միջոցով: Ինրչենց ստեղծագործական առաջարկներով ցուցահանդեսին մասնակցում են 32 արվեստագետ ու նաև այլ ոլորտի ստեղծագործողներ։ «Մաքուր սեր — մաքուրով սեր» պոստերային արվեստի ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին։