Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան թարմացրել է «Վարկանշային շարքի» (Ranking Series) մրցաշարերում միավորների հաշվարկման համակարգը, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարից։ Նոր համակարգը կամրապնդի այս մրցաշարերի դերը Լոս Անջելես-2028-ի ուղեգրերի համար պայքարում։ Վարկանշային շարքի մրցաշարերում տրվող միավորներն ավելանալու են՝ համեմատած մայրցամաքային առաջնությունների հետ։ Իսկ ահա Աշխարհի առաջնություններում կպահպանվեն ամենաբարձր միավորները։ 2028 թ. Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի որակավորման համար հաշվի կառնվեն հետևյալ մրցումների արդյունքները. 2027 թ.՝ վարկանշային շարքի երեք մրցաշար, 2027 թ.՝ մայրցամաքային առաջնություններ, 2027 թ.՝ Աշխարհի առաջնություն, 2028 թ.՝ վարկանշային շարքի մեկ մրցաշար, 2028 թ.՝ մայրցամաքային առաջնություններ։ UWW-ն 2028-ի Օլիմպիական խաղերի որակավորման համար հաշվի կառնի ըմբիշի ցույց տված լավագույն հինգ արդյունքները։